Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago de Compostela):
Պատվիրակության կազմում էին ԵՄՀ Կառավարման և ՏՀ ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Հովհաննես Երիցյանը, նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Լուսինե Սարգսյանը և Էրազմուս+ շարժունության ծրագրերի համակարգող Անի Մխիթարյանը:
Այցի հիմնական նպատակն է երկու հաստատությունների միջև գործընկերային կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումը և հետագա համագործակցության նոր հորիզոնների ընդլայնումը:
Գործընկերային հանդիպումներ և քննարկումներ
Այցելության ընթացքում ԵՄՀ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի ղեկավար կազմի և Միջազգային շարժունության գրասենյակի (Mobility Office) հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգայնացման ծրագրերի զարգացման, ուսանողների և դասախոսների շարժունության ավելացման, ինչպես նաև համատեղ կրթական ու հետազոտական նախագծերի իրականացման հնարավորությունները:
Դասախոսություններ իսպանացի ուսանողների համար
Շարժունության ծրագրի դասախոսական բաղադրիչի շրջանակներում ԵՄՀ դասախոսներ Հովհաննես Երիցյանը և Լուսինե Սարգսյանը հանդես են եկել մասնագիտական դասախոսություններով՝ տեղի ուսանողներին ներկայացնելով ժամանակակից բիզնեսի կառավարման կարևորագույն ուղղությունները.
1. «Understanding the business external environment» / «Կազմակերպության արտաքին միջավայրի վերլուծություն»
2. «Business Ethics» / «Բիզնես էթիկա»
Դասախոսություններն անցել են ակտիվ քննարկումների և ուսանողների հետ ինտերակտիվ երկխոսության մթնոլորտում:
Եվրասիա միջազգային համալսարանը կարևորում է միջազգային ճանաչված բուհերի հետ նմանատիպ ծրագրերի իրականացումը, ինչը նպաստում է կրթության որակի բարձրացմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը:


