2026 թ. հոկտեմբերի 21-ին և 26-ին Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) հյուրընկալել էր Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) դասախոս, դոկտոր Սոսո Մակարաձեին՝ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Erasmus+ JoPScip նախագծի շրջանակում իրականացվող համատեղ դասավանդման նպատակով։
«Կիրառական հետազոտությունները սոցիալական գիտություններում. ինչպե՞ս ենք մենք ճանաչում սոցիալական իրականությունը. հետազոտական հարցերից մինչև էմպիրիկ ապացույցներ և հետազոտության նախագծում» թեմայով դասընթացներն անցկացվեցին մագիստրատուրայի ուսանողների համար՝ ԵՄՀ դասախոս, տ.գ.թ., դոցենտ Գոհար Մելիքբեկյանի հետ համագործակցությամբ։
Դասընթացների ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական գիտություններում էմպիրիկ հետազոտությունների հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ հետազոտական հարցերի ձևակերպմանը, պատճառահետևանքային կապերի վերլուծությանը, տեսական հասկացությունների գործառնականացմանը (օպերացիոնալացմանը) և հետազոտության համապատասխան մեթոդների ընտրությանը։ Ինտերակտիվ դասախոսությունների, ուղղորդված քննարկումների և գործնական առաջադրանքների միջոցով ուսանողները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց վերլուծական և հետազոտական հմտությունները, ինչպես նաև ուսումնասիրելու մագիստրոսական թեզերի մշակման համար կիրառելի մեթոդաբանական մոտեցումները։
Դասավանդման աշխատանքներն ուղեկցվեցին նաև հրավիրյալ դասախոսի և ԵՄՀ հյուրընկալող դասախոսի միջև մասնագիտական հանդիպումներով, որոնք հնարավորություն ընձեռեցին փոխանակելու դասավանդման փորձը, քննարկելու մեթոդաբանական տարբեր մոտեցումներ և հետագա ակադեմիական համագործակցության հեռանկարները։ Նախաձեռնությունը նպաստեց ԵՄՀ-ում հետազոտահեն կրթության զարգացմանը, միջազգային ակադեմիական փորձի փոխանակմանը և գործընկեր համալսարանների միջև համագործակցության հետագա ամրապնդմանը՝ ինչպես JoPScip նախագծի շրջանակում, այնպես էլ դրանից դուրս։
JoPScip նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ Erasmus+ ծրագրի բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացում գործողության շրջանակում։ Նախագծի կոնսորցիումում ընդգրկված են Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարաններ։ JoPScip նախագծի շրջանակում մշակվել է «Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը։


