Նոյեմբերի 16-21-ը Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվել են JoPScip միջազգային նախագծի շրջանակում կազմակերպված տեղեկատվական հանդիպումներ և բաց դռների միջոցառումներ՝ ուսանողների, մագիստրանտների, շրջանավարտների և կարիերայի զարգացման մասնագետների մասնակցությամբ։ Տեղեկատվական արշավը վարել է Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական զարգացման և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Էդգար Ամիրխանյանը։
Միջոցառումների բովանդակային ծրագիրն ընդգրկել է թեմատիկ սեսիաներ հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնակիցներին ներկայացվել է «Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը, որը իր բնույթով ոեզակի հնարավորություն է՝ ուսանել Հարավային Կովկասի և գործընկեր Եվրոպական բուհերի համալսարաններում (երկու տարվա մեջ ուսանողը կարող է սովորել չորս բուհում՝ մեկական կիսամյակ յուրաքանչյուր բուհում)։ Առկա են նաև հնարավորություններ արտերկրում սովորել կրթաթոշակային ծրագրի միջոցների հաշվին։
Հանդիպումների ընթացքում նաև մանրամասն ներկայացվել է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Erasmus+ ծրագրի բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման JoPScip նախագծի շրջանակում կատարված աշխատանքը։ Հատկանշական է շեշտել, որ նախագծի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսները անցել են վերապատրաստում, մշակվել է համատեղ կրթական ծրագիր, որը ի դեպ ունի Եվրոպական հավատարմագրում (AQ Austria):
Նախագծի միջազգային կոնսորցիումում ընդգրկված են Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Նախագծի իրականացման ընթացքում Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալվել են տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող փորձագետներ և միջազգային գործընկերներ։ Նրանց մասնակցությամբ իրականացվել են պիլոտային դասավանդումներ և մասնագիտական տարնբեր քննարկումներ։


