Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Կրթության համապատասխանությունը դեղագործական ոլորտի գործատուների ակնկալիքներին» խորագրով պանելային քննարկումը: Միջոցառման առանցքային նպատակն էր ձևավորել արդյունավետ երկխոսություն համալսարանի, առաջատար գործատուների և ոլորտի փորձագետների միջև՝ կրթական ծրագրերն առավելագույնս համապատասխանեցնելու աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին։
Միջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։ Նա ընդգծեց, որ աշխատաշուկայի դինամիկ փոփոխությունների մշտադիտարկումը և «բուհ–գործատու» գործընկերության զարգացումը համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից են։ Պրոռեկտորի խոսքով՝ համալսարանը պարբերաբար վերանայում է կրթական ծրագրերը՝ դիտարկելով գործատուների ակնկալիքներն ու մասնագիտական ոլորտի զարգացման հեռանկարները։
Այնուհետև համալսարանի Ֆարմացիայի ամբիոնի վարիչ Լիլիթ Բիչախչյանը ներկայացրեց ամբիոնի գործունեությունը և ԵՄ T-Green Էրազմուս+ նախագծի շրջանակներում վերանայված «Դեղերի տեխնոլոգիա և էկոնոմիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Ամբիոնի դասախոսներ Մկրտիչ Շաքարյանը և Անա Մարիա Այվազյան-Դավիդյանը հանգամանալից անդրադարձան մագիստրոսական կրթական ծրագրերի կառուցվածքին, նորարարական բաղադրիչներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող բովանդակությանը, ինչպես նաև շրջանավարտների մասնագիտական ու կարիերայի լայն հնարավորություններին։
Մկրտիչ Շաքարյանը, ներկայացնելով նոր մագիստրոսական ծրագրերի բովանդակային առանձնահատկությունները, ընդգծեց, որ դրանք կառուցված են միջազգային դեղագործական ստանդարտների և ժամանակակից ոլորտային պահանջների հիման վրա։ Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի դեղագործական ոլորտն ունի զարգացման զգալի ներուժ, իսկ ժամանակակից մագիստրոսական կրթությունը պետք է ձևավորի այնպիսի մասնագետներ, որոնք կարող են աշխատել ոչ միայն դեղատնային համակարգում, այլև արտադրության, որակի ապահովման, կարգավորող գործունեության, կլինիկական հետազոտությունների և գիտահետազոտական ոլորտներում՝ առաջնորդվելով միջազգային չափանիշներով։
Միջոցառման առանցքային հատվածը մասնագիտական պանելային քննարկումն էր, որին որպես բանախոսներ մասնակցում էին ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները՝
- Ալինա Գևորգյան («Սթաֆֆ Էյ Էմ» ընկերության համագործակցության և բիզնեսի զարգացման թիմի ղեկավար),
- Միքայել Թովմասյան («Էսկո-Ֆարմ» դեղագործական ընկերության տնօրեն),
- Գարո Քիզրյան («Քլին Չոյս» դեղագործական ընկերության անվտանգության գծով տնօրեն),
- Անդրանիկ Բալյան («Քլին Չոյս» դեղագործական ընկերության ասոցացված ղեկավար),
- Մկրտիչ Շաքարյան (Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի պատշաճ գործունեությունների դիտարկման բաժնի ղեկավար),
- Անա Մարիա Այվազյան-Դավիդյան («Արփիմեդ» դեղագործական ընկերության աշխատակից):
Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին դեղագործական ոլորտի աշխատաշուկայի արդի զարգացումները, անդրադարձան գործատուների ակնկալիքներին և քննարկեցին այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից մրցունակ մասնագետների պատրաստման համար։
Ըստ «Staff.am» ընկերության աշխատաշուկայի վերլուծության՝ դեղագործության ոլորտում պահպանվում է մասնագետների կայուն պահանջարկ: Վերջին տարիների զբաղվածության և աշխատավարձերի դինամիկան ցույց է տալիս, որ աճել են ինչպես ոլորտում աշխատողների թիվը, այնպես էլ միջին աշխատավարձը։ Թեև մասնագիտական գիտելիքները շարունակում են մնալ առաջնային, գործատուներն այսօր մեծ կարևորություն են տալիս նաև փափուկ հմտություններին (soft skills)՝ հաղորդակցմանը, թիմային աշխատանքին, պատասխանատվությանը, ժամանակի արդյունավետ կառավարմանը և հաճախորդակենտրոն մտածելակերպին։
«Էսկո-Ֆարմ» դեղագործական ընկերության տնօրեն Միքայել Թովմասյանը նշեց, որ կրթական ծրագրերի և գործատուների պահանջների միջև առկա բացը հաճախ ստիպում է ընկերություններին ամիսներ շարունակ աշխատել նոր աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ։ Նրա դիտարկմամբ՝ համալսարանի կողմից մշակված նոր մագիստրոսական ծրագիրը կարող է զգալիորեն կրճատել այդ ժամանակահատվածը՝ ապահովելով աշխատաշուկային ավելի պատրաստ և միջազգային պահանջներին համապատասխան մասնագետների մուտքը ոլորտ։
«ClinChoice» ընկերության ներկայացուցիչներ Գարո Քիզրյանը և Անդրանիկ Բալյանը ընդգծեցին, որ միջազգային դեղագործական ընկերություններում հատկապես բարձր են գնահատվում այն մասնագետները, ովքեր դեռ համալսարանում ձեռք են բերել GMP, GCP, GDP և այլ միջազգային կարգավորող համակարգերի հետ աշխատելու կարողությունները, քանի որ դա զգալիորեն արագացնում է նրանց ինտեգրումը իրական աշխատանքային գործընթացներին։
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մասնակիցները ընդգծեցին, որ կրթության և աշխատաշուկայի միջև շարունակական երկխոսությունը բարձրորակ կրթության կարևոր նախապայմաններից է։ Նման ձևաչափի հանդիպումները հնարավորություն են տալիս կրթական ծրագրերը մշտապես համապատասխանեցնել ոլորտի փոփոխվող պահանջներին, իսկ ուսանողներին՝ ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք կապահովեն նրանց մրցունակությունն ու հաջող մասնագիտական գործունեությունը Հայաստանում և միջազգային աշխատաշուկայում։


