Նոյեմբերի 5-ին Վրաստանի տեխնիկական համալսարանում (GTU) տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Erasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող «Միկրոորակավորումներն Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում․ հարավկովկասյան փարոս» (Micro-GEAR – Micro-Credentials for Higher Education Systems of Georgia and Armenia: South Caucasus Lighthouse) նախագծի ամփոփիչ համաժողովը։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի, Վրաստանի և ԵՄ երկրների գործընկեր կառույցների ներկայացուցիչներին, պետական մարմինների, որակի ապահովման գործակալությունների և միջազգային փորձագիտական համայնքի անդամներին։
Համաժողովին, որպես նախագծի կոնսորցիումի գործընկեր կառույց, մասնակցում էր նաև Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Ռուբեն Մարկոսյանի գլխավորությամբ։
Միջոցառման շրջանակում Ռուբեն Մարկոսյանը մասնակցեց «Միկրոորակավորումները ՀՀ-ում․ ներկան և Micro-GEAR նախագծի ազդեցությունը» խորագրով պանելային քննարկմանը։ Նա ներկայացրեց նախագծի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանում մշակված և իրականացված միկրոորակավորման ծրագիրը՝ անդրադառնալով դրա ներդրման ընթացքում արձանագրված մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին, ինչպես նաև ծրագրի կայունությունն ապահովելուն միտված հետագա քայլերին ու նախաձեռնություններին։
Համաժողովի ընթացքում ամփոփվեցին նախագծի հիմնական արդյունքները, քննարկվեցին միկրոորակավորումների ոլորտի իրավական կարգավորումները, դրանց ինտեգրումը ազգային որակավորումների շրջանակներում, որակի ապահովման մեխանիզմները, թվային հավաստագրման հնարավորություններն ու եվրոպական լավագույն փորձը։
Միջոցառումը վերահաստատեց Micro-GEAR նախագծի կարևոր դերը Հարավային Կովկասում միկրոորակավորումների համակարգի զարգացման, բարձրագույն կրթության ճկունության և ուսումնառության նոր հնարավորությունների ընդլայնման գործում։
Micro-GEAR նախագծի կոնսորցիումը միավորում է Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի 16 գործընկեր կառույցների։ Նախագծի համակարգողը Վրաստանի տեխնիկական համալսարանն է։
Կոնսորցիումի գործընկերներն են՝ Վրաստանի համալսարանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը, Վրաստանի կրթության որակի բարձրացման ազգային կենտրոնը, Վրաստանի հետազոտական և կրթական ցանցերի ասոցիացիան, Սաարլանդի համալսարանը (Գերմանիա), Մադրիդի Կառլոս III համալսարանը (Իսպանիա), Հռոմի եվրոպական համալսարանը (Իտալիա), Ակադեմիական համարժեքության և շարժունության տեղեկատվական կենտրոնը (CIMEA, Իտալիա), GIRAF PM ընկերությունը (Գերմանիա), ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը։


