Հայաստանի մի փոքրիկ գյուղում 36-ամյա Սուսաննան դեռ չի կարողանում մոռանալ իր երրորդ հղիությունը, որն ավարտվեց ողբերգությամբ։
«Երեխայիս ծնունդից երեք օր անց ես սկսեցի վատ զգալ։ Ջերմությունս բարձրացավ, բայց գյուղում բժիշկ չկար։ Ամուսինս շտապ տեղափոխեց ինձ մարզային հիվանդանոց։ Ցավոք, ուշ էր․ արյան վարակման պատճառով ես կորցրեցի արգանդս։Դա երբեք չեմ մոռանա»։
Սուսաննայի պատմությունը ցավալի օրինակ է այն դեպքերից, որոնք արձանագրվում են հատկապես գյուղական և հեռավոր համայնքներում, որտեղ առողջապահական համակարգի հասանելիությունը սահմանափակ է։
Մայրական մահացության խնդիրը դեռևս հրատապ է Հայաստանում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում։
Վերջին չորս տարիներին Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը ցուցադրել է փոփոխական դինամիկա՝ որոշ տարիներին աճով, ապա՝ նվազումով։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ մայրական մահացության գործակիցը (100,000 կենդանի ծնվածի հաշվով) եղել է հետևյալը :
- 2020 թ.՝ 25.7
- 2021 թ.՝ 33.0
- 2022 թ.՝ 29.3
- 2023 թ.՝ 25.6
«Մայրական մահվան բոլոր դեպքերի քննությունն իրականացվում է քրեական վարույթի շրջանակում, իսկ բժշկական միջամտությունների ուշացման առկայության կամ դրա բացակայության, ինչպես նաև մահվան դեպքի հետ դրանց պատճառահետևանքային կապի գնահատումն իրականացնում են իրավապահ մարմինները», – ասել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
«Ես կորցրի շատ բան, բայց մայր եմ՝ հիմա էլ, միշտ էլ։ Թող ոչ մի կին չանցնի այս ամենի միջով։ Մեր կյանքը արժեք ունի՝ նույնիսկ այնտեղ, որտեղ բժիշկ չկա», – ասում է Սուսաննան։
Քրիստինե Վարդիկյան, Լրագրություն, 3-րդ կուրսի ուսանողուհի
