ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվել է «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային գիտաժողով, որին Եվրասիա միջազգային համալսարանից մասնակցեցին ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը, Կառավարման և ՏՀ ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Հովհաննես Երիցյանը, նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ., Գայանե Աթոյանը և ԵՄՀ ասպիրանտները: Արդեն երկրորդ անգամ անցկացվող գիտաժողովը կազմակերպվում է ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի նպատակն է ձևավորել քննարկման բարձրորակ հարթակ՝ նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման և տարածման համար՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական շրջանակների և տարբեր երկրների գիտակրթական հաստատությունների փորձագետների միջև։ Միևնույն ժամանակ, գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրելու կրթության և տնտեսության ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների փոխակերպող ներուժը՝ դիտարկելով դրանց ազդեցությունը մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև տարածական և տնտեսական առումներով կայուն ու ներառական աճի խթանման վրա։
Գիտաժողովի ընթացքում անցանց և առցանց ձևաչափով ներկայացվել են ավելի քան 75 զեկուցումներ թեմատիկ յոթ բաժանմունքներում: Եռօրյա գիտական միջոցառման շրջանակում զեկուցումներով հանդես են եկել նաև ՀՀ պետական կառավարման, ֆինանսաբանկային ոլորտի, ինչպես նաև միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի փորձագետներ: Գլխավոր խոսնակների թվում են եղել երկու Նոբելյան մրցանակակիրներ՝ Փոլ Կրուգմանը (2008) և Տարոն Աճեմօղլուն (2024), ինչպես նաև Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը:





