Հարգելի ուսանողներ, ծնողներ, աշխատակիցներ,
Օրը յուրահատուկ է, հանդիպում ենք Եվրասիա միջազգային համալսարանի 28-րդ տարվա առաջին կուրսեցիների հետ: Ողջունում եմ Ձեզ և շնորհավորում մեր մեծ ընտանիքին միանալու համար: Դուք երեկ աշակերտ էիք, դիմորդ, իսկ այսօր վստահաբար հատել եք Եվրասիայի շեմը ու անդամագրվել մեր ակադեմիական կրթագիտական ընկերությանը: Ձեր կյանքում որակական փոփոխություն է տեղի ուեցել, հետևաբար, Դուք գուցե հուզված եք և մտազբաղ, արդյո՞ք բուհի ընտրության հարցում ճիշտ եք կողմնորոշվել: Դա բնորոշ է բոլոր առաջին կուրսեցիներին: Պատասխանեմ այդ հարցին.
-Այո, միանշանակ ճիշտ ընտրություն եք կատարել: Հուզմունքը բոլորովին ավելորդ է, որովհետև դուք ընտրել եք մի համալսարան, որը մի շարք վարկանիշային ցուցանիշներով ՀՀ բոլոր բուհերի շարքում առաջատար դիրքերում է: Շնորհակալություն մեզ վստահելու համար: Դուք ճիշտ և բծախնդիր ընտրություն եք կատարել, որովհետև ՀՀ-ում գործում են 60-ից ավել բուհեր. դեռևս խորհրդային տարիներին հիմնադրված պետական, միջազգային և հետխորհրդային տարիներին հիմնադրված մասնավոր բուհեր: Եթե պետական բուհերը դեռևս լիարժեք չեն թոթափել խորհրդային բուհին բնորոշ ավանդույթները, ապա մի քանի մասնավոր երիտասարդ բուհեր ամեն ինչ սկսել են մեթոդական և ռեսուրսային նոր պայմաններով, բազմակի անցել են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց և իրավունք ստացել համալսարանը հաջողությամբ ավարտող շրջանավարտներին շնորհել պետական նմուշի դիպլոմ: Այդ բուհերի շարքում Եվրասիան ոչ միայն առաջինն է անցել հավատարմագրման գործընթացը, այլ նաև զարգացրել է գիտակրթական համագործակցային կապեր Եվրոպայի առաջատար համալսարանների հետ. ուսանողների փոխանակման, բուհի կարողությունների զարգացման, կրկնակի դիպլոմի ծրագրի իրականացման և այլն: Ավելին, համալսարանը ունի յուրահատուկ և ժամանակակից կրթական միջավայր, բարյացակամ անձնակազմ, նոր մեթոդներով և պրակտիկ հմտություններով օժտված դասախոսական կազմ և այլն: Այնպես, որ այս ընտանիքին Դուք կհարմարվեք շատ արագ:
Այսօրվա սերունդը սկսել է նախապատվություն տալ նոր սերնդի համալսարաններին. նկատի ունենալով ժամանակակից կրթական ծրագրերը, նոր դասընթացները, նոր մեթոդաբանությամբ զինված դասախոսական կազմը, ուսանողակենտրոն ուսուցումը, միջազգային ակտիվ փոխանակումները և շփումները: Այս համալսարանում յուրաքանչյուր մասնագիտական դասընթաց սերտորեն կապված է պրակտիկայի հետ՝ մի իրական նախագիծ է գործատուների հետ կամ միտված է յուրաքանչյուր ուսանողին կրթելու որպես վաղվա գործատուի:
Հարգելի ուսանողներ,
Ճիշտ է դուք ստանալու եք պետական նմուշի դիպլոմ, բայց դա Ձեր վրա նոր պատասխանատվություն է դնում, որովհետև դա ինքնաթիռի տոմս չէ, որ ուր ասես կարող ես թռչել, սակայն ամեն ինչ կախված է Ձեզանից, պատկերացրեք Դուք առագաստանավի մեջ եք նստած, մենք Ձեզ տալիս ենք քարտեզ, կողմնացույց և կա քամի ու հանգստանալու
ժամանակ չունեք և դուք եք թիավարելու: Այլ կերպ ասած, Դուք եք տնօրինելու Ձեր նպատակները: Այնպես, որ եղեք բացառիկ մոտիվացված և գիտելիքի նկատմամբ պահանջկոտ, այստեղ Դուք հնարավորություն ունեք սովորելու պետպատվերով (անվճար), ինչպես նաև դառնալ «Օհանյան» և «Եվրասիա» կրթաթոշակակիր, սովորել էական զեղչված ուսման վարձով, մեկնել եվրոպական համալսարաններ և շարունակել ուսուցումը, այն էլ անվճար:
Մի հավելում ևս, այստեղ մարդկային բոլոր հարաբերությունները ազնիվ են, արդար ու բարոյական և որևէ նեգատիվ երևույթի Դուք չեք հանդիպի, կվայելեք մարդկային ջերմություն և հարգանք, ինչը փոխադարձ ակնկալում ենք Ձեզանից: Չի բացառվում սովորելու ընթացքում ձեռք բերեք մի քանի ապագա գործընկերներ, որոնց հետ դուք չորս տարի հետո կհիմնեք ձեր բիզնեսը և հպարտությամբ, նույնիսկ ցանկացած երկրում գտնվելիս կներկայանաք որպես «ես Երևանի Եվրասիա միջազգային համալսարանի շրջանավարտ եմ»:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Եվրասիայի սրտում կամ խաչմերուկում, որտեղ հատվում են հորիզոնի բոլոր կողմերը, որտեղ առկա է ինքնատիպ մշակույթ, առաջատար գաղափարներ, ինքնատիպ քաղաքակրթություն, բարդ տրանսպորտային ցանց, հետևաբար Դուք պետք է լինեք եվրոպական խառնվածքով, լայնախոհ մտածող մասնագետներ, ունենալ եվրոպական տրամբանություն և ասիական իմաստություն:
Շնորհակալություն ծնողներին, ովքեր մեզ վստահել են իրենց ամենաթանկը, ինչը շատ մեծ պատասխանատվության տակ է դնում մեզ՝ մանկավարժներիս:
Հարգելի ուսանողներ խնդրում եմ չլինել պասիվ ու անտարբեր, այլ շատ ակտիվ. Հարցրեք, վիճաբանեք, սխալվեք, դժվարությունների մեջ հայտնվեք ու ուղիներ գտեք, հիմնեք ակումբներ, սովորեք լեզուներ, մասնակցեք միջազգային փոխանակման և կրկնակի դիպլոմի ծրագրերին, նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերեք: Առանձնահատուկ խնդրում եմ չչարաշահել արհեստական բանականության հետ Ձեր ունեցած ընկերությունը, այլ դիմել խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ բոլորովին նոր ու խնդրահարույց հարցեր առաջադրել նրան:
Ամփոփելով խոսքս Ձեզ հորդորում եմ լինեք ազնիվ, ծայրահեղ մոտիվացված և ունենաք համարձակ ու հանդուգն նպատակներ, և մասնակցեք այս աշխարհը ավելի բարելավելու գործընթացին:
Բարի գալուստ ընտանիք, եղեք զգոն, նայեք աջ և ձախ, գուցե Ձեր վաղվա կյանքի ընկերոջը կամ բիզնես գործընկերոջը գտնենք:
Սուրեն Օհանյան
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր,
աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

