Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա միջազգային համալսարանում դիմավորեցինք մեր առաջին կուրսեցիներին։
Նոր ուսանողներին ողջունեցին ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ռազմավարական զարգացման և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Էդգար Ամիրխանյանը, ամբիոնների վարիչներն ու Ուսումնական հարցերի գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը։
Իր ողջույնի խոսքում ռեկտոր Սուրեն Օհանյանը ուսանողներին վստահեցրեց, որ նրանք ճիշտ ընտրություն են կատարել՝ ընդգծելով ԵՄՀ-ի ժամանակակից կրթական միջավայրը, միջազգային համագործակցություններն ու ուսանողակենտրոն կրթությունը։
Նա առանձնահատուկ շեշտեց, որ համալսարանը ուսանողին տալիս է անհրաժեշտ գիտելիքն ու հնարավորությունները, սակայն սեփական նպատակների իրագործման ճանապարհը պետք է անցնի հենց ուսանողը։
«Պատկերացրեք՝ Դուք առագաստանավի մեջ եք նստած, մենք Ձեզ տալիս ենք քարտեզ, կողմնացույց, և կա քամի, ու հանգստանալու ժամանակ չունեք, և Դուք եք թիավարելու»։
Ռեկտորը նորեկներին հորդորեց լինել ակտիվ, գիտելիքի նկատմամբ պահանջկոտ, օգտվել համալսարանի կրթական և միջազգային հնարավորություններից, ձեռք բերել նոր մասնագիտական հմտություններ և ունենալ համարձակ ու հանդուգն նպատակներ։
Օրվա ընթացքում առաջին կուրսեցիների համար անցկացվեց տեղեկատվական և կողմնորոշիչ հանդիպում, որի ընթացքում նրանք ծանոթացան համալսարանի կառուցվածքին, ուսումնական գործընթացին, իրենց իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև համալսարանում գործող հնարավորություններին և ծառայություններին։
Բարի գալուստ Եվրասիա միջազգային համալսարան։






