Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ
Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսանողական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Մանվելյանը։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը նորընտիր նախագահի հետ։
1. Շնորհավորում ենք Ձեզ Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները և դրանց նշանակությունը Ձեզ համար։
Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Ուսանողական խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնը։ Ընտրությունների արդյունքները գնահատում եմ դրական և արդյունավետ՝ հաշվի առնելով ուսանողների ցուցաբերած ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը։ Սա կարևոր վստահության մանդատ է, որը միաժամանակ պարտավորեցնող պատասխանատվություն է ինձ համար։
2. Որո՞նք էին այն հիմնական գործոնները, որոնք պայմանավորեցին Ձեր առաջադրումը Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում։
Առաջնահերթ կարևորում եմ ուսանողների հետ անմիջական և շարունակական շփումը, որը կարող է նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը և ինքնարտահայտմանը։ Կարծում եմ՝ համալսարանական կյանքում անհրաժեշտ են իրական, տեսանելի և շարունակական փոփոխություններ։ Մեծ է ցանկությունս տարբեր գիտակրթական և մշակութային ծրագրերի միջոցով նպաստել ինքնավստահ, ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների ձևավորմանը։
3. Ինչպե՞ս կբնութագրեք հունվարի 17-ին անցկացված ընտրությունների կազմակերպման ընթացքն ու ուսանողների մասնակցության մակարդակը։
Ընտրական գործընթացն անցել է մրցակցային մթնոլորտում։ Այն կազմակերպվել է պատշաճ՝ համաձայն համալսարանի կանոնադրական պահանջների։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ բազմաթիվ ուսանողներ ակտիվ մասնակցություն են ունեցել ընտրություններին։ Հուսով եմ, որ առաջիկայում ուսանողների ներգրավվածությունն Ուսանողական խորհրդի գործունեությանը և ընտրական գործընթացներին ավելի կաճի։
4. Որո՞նք են այն առաջնահերթ խնդիրներն ու ուղղությունները, որոնց վրա նախատեսում եք կենտրոնանալ Ձեր նախագահության սկզբնական փուլում։
Ուսանողական կյանքի հետ կապված խնդիրները բազմազան են, սակայն նախագահությանս ընթացքում կփորձեմ առավել մեծ ուշադրություն դարձնել ուսանողների ներգրավմանը մշակութային, գիտական և առողջապահական տարբեր նախաձեռնությունների մեջ։ Կարևորում եմ նաև գործարար ոլորտի և համալսարանական միջավայրի միջև համագործակցության հարթակների ստեղծումը, ինչը կնպաստի ուսանողների գործնական փորձի ձեռքբերմանը և նրանց մրցունակության բարձրացմանը աշխատաշուկայում։
5. Ինչպե՞ս եք պատկերացնում Ուսանողական խորհրդի արդյունավետ համագործակցությունը համալսարանի վարչակազմի և մյուս կառույցների հետ։
Ուսանողական խորհուրդը հանդիսանում է կամուրջ ուսանողների և համալսարանի վարչակազմի միջև, ուստի համագործակցությունը պետք է հիմնված լինի կառուցողական և թափանցիկ սկզբունքների վրա։ Ուսանողներին հուզող խնդիրների և առաջարկների ներկայացումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը ակտիվ մասնակցությունը հնարավորություն կտան նպաստելու համալսարանական կյանքի որակի բարձրացմանը։
6. Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներին Ձեր նախագահության մեկնարկին։
Սիրելի՛ ուսանողներ,
Ուսանողական խորհուրդը ձեր ձայնն է համալսարանում։ Մեր նպատակն է լսել, աջակցել և խթանել ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները։ Կփորձենք ձևավորել այնպիսի ստեղծագործ և ակտիվ միջավայր, որտեղ յուրաքանչյուրն իրեն կզգա կարևոր և ներգրավված։ Համատեղ ջանքերով կկառուցենք ամուր ուսանողական համայնք, որը պատվով կպահպանի Եվրասիա միջազգային համալսարանի հեղինակությունը։


