Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի առաջին կուրսի ուսանողուհիներ Լիանա Թումանյանը, Անի Թորոսյանը, Վերգինե Սուչյանը և չորրորդ կուրսի ուսանողուհի Քնար Ալոյանը 2026 թվականի նոյեմբերի 16-ին մասնակցել են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի՝ «Մարդու իրավունքների բալթյան ընկերակցություն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպած հանդիպում-դասախոսությանը։
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացել են Մարդու իրավունքների ուղեցույց կայքին, դրա բովանդակությանը և ընձեռած հնարավորություններին։ Կայքում ներկայացված են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքը, ընտանեկան բռնությունը, խոսքի ազատությունը, խտրականությունը և այլ արդիական հարցեր։
Կայքի ներկայացման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվության հասանելի և համակարգված աղբյուրի, որն անդրադառնում է իրավական պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրներին։ Նման հարթակների ուսումնասիրությունը հատկապես կարևոր է իրավաբանական կրթություն ստացող ուսանողների համար՝ տեսական գիտելիքները գործնական օրինակներով լրացնելու տեսանկյունից։


