Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։
 
Գիտաժողովը համախմբել էր ուսանողների, երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների, դասախոսների և ոլորտի մասնագետների, որոնք քննարկում էին ժամանակակից աշխարհի ամենահրատապ մարտահրավերներից մի քանիսը՝ արհեստական բանականության ազդեցությունը իրավական համակարգի վրա, կիբեռանվտանգությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, թվային տեխնոլոգիաների կիրառումը և եվրոպական ինտեգրման գործընթացները։
Ներկայացված զեկույցները ցույց տվեցին, որ տեխնոլոգիական առաջընթացն ու գլոբալ զարգացումները նոր պահանջներ են առաջադրում ոչ միայն մասնագետների, այլև կրթական համակարգի առջև։ Քննարկումների առանցքում էր այն հարցը, թե ինչպես կարող են իրավական, կրթական և հասարակական ինստիտուտները հարմարվել արագ փոփոխվող իրականությանը։
 
«Ընտրված թեմաները պատահական չէին։ Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, կանգնած է զարգացման, արդիականացման և շարունակական փոփոխությունների առաջ, իսկ գիտության և կրթության դերն այս գործընթացներում առանձնահատուկ կարևորություն ունի:Նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականության զարգացումը և միջազգային գործընթացները մեզ ստիպում են արձագանքել այն փոփոխություններին, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր առօրյա կյանքի վրա։ Կարևոր է հասկանալ, թե կրթական համակարգը, հետազոտողները, գիտնականներն ինչպես են արձագանքում այդ մարտահրավերներին և ինչպիսի լուծումներ են առաջարկում»,- նշեց ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Նրա խոսքով՝ նման հարթակների կարևորությունը ոչ միայն խնդիրների բարձրաձայնումը, այլև դրանց շուրջ քննարկումներ ծավալելու և տարբեր տեսակետներ ներկայացնելու հնարավորությունն է։
Գիտաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացավ արհեստական բանականության կիրառումը քրեական արդարադատության ոլորտում, ներկայացվեց կիբերհանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմները, մարդու իրավունքների պաշտպանության արդի խնդիրները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների ազդեցությունը կրթության և հասարակական հարաբերությունների վրա։
Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Նավասարդյանի խոսքով՝ նախաձեռնությունը որոշակի առումով գիտաժողովների ավանդույթի վերականգնում էր՝ համապատասխանեցված ժամանակակից պահանջներին։
«Առաջարկվող լուծումները վերջնական կամ անքննելի չեն։ Դրանք պետք է քննարկվեն, վերլուծվեն և քննադատվեն։ Անհրաժեշտ է, որ ուսանողները, դասախոսները, գիտնականները և ոլորտի այլ ներկայացուցիչներ մասնակցեն այդ քննարկումներին, փոխանակեն գաղափարներ և տեսակետներ»,-ընդգծեց նա։
«Մենք փորձեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ մի կողմից իրենց փորձն ու գիտելիքները կներկայացնեն ավագ սերնդի մասնագետներն ու հետազոտողները, իսկ մյուս կողմից ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները, հետազոտական հետաքրքրությունները և մտահոգությունները»,- նշեց Նավասարդյանը։
Նրա համոզմամբ՝ նման նախաձեռնությունների գլխավոր արժեքը սերունդների միջև երկխոսության ձևավորումն է։ Ուսանողները հնարավորություն են ստանում սովորել փորձառու մասնագետներից, իսկ վերջիններս՝ լսել երիտասարդների տեսակետները և հասկանալ, թե ինչ հարցեր են նրանց առավելապես հուզում։
Գիտաժողովի երկրորդ հատվածը նվիրված էր հատկապես երիտասարդների մասնակցությանը։ Կայուն զարգացման թեմայի շրջանակում ուսանողները ներկայացրին իրենց հետազոտությունները՝ անդրադառնալով իրավական, սոցիալական, տնտեսական և հանրային կառավարման ոլորտներում առկա խնդիրներին ու հնարավոր լուծումներին։
Հոդվածի և լուսանկարների հեղինակ՝ Լիլիա Դարբինյան

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները