Եվրասիա միջազգային համալսարանում «Ուղեցույց» հասարակական կազմակերպությունը՝ շարունակելով «Կրթենք և շրջանառենք» ծրագրի նպատակները, անցկացրել է մասնագիտական վերապատրաստում Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄԿՈՒ) դասախոսների և մանկավարժների համար։
Վերապատրաստման հիմնական թեման էր «Շրջանաձև տնտեսությունը և դրա ուսուցումը նախագծային ուսուցման (Project-Based Learning) մեթոդով»։ Հայտարարությունը, որը տարածվել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, գրավել էր մասնագետների լայն շրջանակի ուշադրությունը։
Այսօր, երբ շրջանաձև տնտեսությունն ու կայուն զարգացումը դառնում են ոչ թե ապագայի, այլ ներկայի պահանջ, առանցքային է դառնում այս գիտելիքը ուսանողներին փոխանցելու հմտությունը։
Նախագծային ուսուցման մեթոդը թույլ է տալիս ուսանողներին պասիվ լսողից վերածվել ակտիվ խնդիր լուծողի՝ իրական կյանքի օրինակների վրա մշակելով սեփական կայուն նախագծերը։ Վերապատրաստումը համախմբել էր ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրու, Արարատի, Արմավիրի և այլ մարզերի մասնագետերի, այն կնպաստի, որ շրջանաձև տնտեսության ուսուցումը դառնա Հայաստանի մասնագիտական կրթության համակարգի անբաժանելի և արդյունավետ մասը։


