Հոկտեմբերի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի և «Սոցիալական արդարություն» ՀԿ ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ Արդարադատության նախարարի տեղական Աննա Կարապետյանի հետ:
Քննարկման կենտրոնում 2022 թվականին մեկնարկած ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանի կողմից իրականացվող «Արդարադատության մատչելիություն. տեսություն և պրակտիկա» մագիստրոսական ծրագիր և մոդուլներ (Master Program and Modules in “Access to Justice: Theory and Practice, MAJust) և «Արդարադատության ուսումնասիրություններ. Մատչելիության խթանում նորարարական հետազոտությունների միջոցով (Justice Studies: Fostering Accessibility through Innovative Research, JUST FAIR) նախագծերի արդյունքների, առաջիկայում կայանալիք միջոցառումների և հեռանկարային համագործակցության հարցերն էին:
JUREMONIA ծրագրի կոնսորցիումի մաս կազմող «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը ընդհանուր գծերով ներկայացրեց JUREMONIA ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները և շեշտադրեց ԵՄՀ-ի հետ համագործակցությունը MAJust և JUST FAIR նախագծերի համատեքստում:
ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, MAJust և JUST FAIR նախագծերի ինստիտուցիոնալ համակարգող Ռուբեն Մարկոսյանը շեշտադրեց MAJust նախագծի շրջանակում մշակված «Արդարադատության հասանելիություն» մագիստրոսական կրթական ծրագիրն ու համապատասխան վերապատրաստումների մոդուլները և կարևորեց համապատասխան ծրագրերի իրագործումը: Նշվեց մագիստրոսական ծրագրերի ուսանողների կողմից կրթական հետագծի նախանշման ճկուն հնարավորությունը և ՀՀ արդարադատության նախարարության հետ առավել սերտ փոխգործակցության զարգացման կարևորությունը՝ «ակադեմիական հաստատություն– քաղաքականություն մշակող» առանցքի ամրապնդման համատեքստում:
MAJust և JUST FAIR նախագծերի ակադեմիական համակարգող, ԵՄՀ իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան առավել մանրամասն ներկայացրեց JUST FAIR նախագծի իրագործման ուղղությամբ աշխատանքներն ու նախաձեռնությունները: Հանրապետության առաջատար բուհերի ուսանողներին եզակի հնարավորություն է ընձեռվել ստանալ հետազոտական կրթաթոշակ՝ իրագործելով արդարադատության հասանելիության տարբեր հարցերի շուրջ հետազոտություններ: Ա. Խվորոստիանկինան նաև ներկայացրեց արդեն ավանդաբար ԵՄՀ-ի կողմից կազմակերպվող Եվրոպայի Խորհրդի և ԵՄ կողմից նշվող Արդարադատության Եվրոպական օրվան նվիրված միջոցառումները և Եվրասիա միջազգային համալսարանի մտադրությունը այս տարի վերոհիշյալ օրը նշել JUREMONIA ծրագրի MAJust և JUST FAIR նախագծերի լույսի ներքո՝ արդարադատության հասանելիության տարբեր հարցերի բազմակողմանի քննարկումների կազմակերպման և երիտասարդների ստեղծարարական աշխատանքների համատեքստում: Ա. Խվորոստիանկինան հրավիրեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի մասնակցել ս/թ հոկտեմբերի 28-ին կայանալիք Արդարադատության Եվրոպական օրվան միջոցառումներին որպես հիմնական խոսնակ:
ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և հույս հայտնեց, որ իր աշխատանքային գրաֆիկը հնարավորություն կընձեռի մասնակցել վերոհիշյալ միջոցառմանը: Ա.Կարապետյանը շեշտադրեց ԵՄՀ-ի հետ համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում տարբեր կարճաժամկետ վերապատրաստումների իրականացումը, մասնավորապես անհատական տվյլաների ոլորտում մասնագիտական ծրագրերի ներդրումը, ոլորտի արդիական տարբեր հարցերի շուրջ երիտասարդ մասնագետների կողմից հետազոտական աշխատանքների իրագործումը և այլն: Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել տեղեկատվության փոխանակումը և աշխատանքային կարգով անդրադառնալ քննարկված հարցերին:
«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:


