Նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում» ինտերակտիվ աշխատարանը։
Այն նախատեսված էր Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուների համար։
Աշխատարանը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական զարգացման և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Էդգար Ամիրխանյանը։
Հանդիպման առանցքում արհեստական բանականության (ԱԲ) ժամանակակից գործիքների կիրառումն էր մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքներում։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող են ԱԲ գործիքները թեթևացնել կարիերայի խորհրդատուի առօրյա աշխատանքը՝ ուսանողների խորհրդատվությունից մինչև տեղեկատվական նյութերի պատրաստում, և ինչպես դրանք օգտագործել ուսանողի հետ անմիջական շփման համար ավելի շատ ժամանակ ունենալու նպատակով։
Առանձին անդրադարձ եղավ բարեվարքության կանոններին։ ԱԲ-ի կիրառումը կարիերայի ուղղորդման ոլորտում պահանջում է պատասխանատու մոտեցում՝ տվյալների գաղտնիության պահպանում, թափանցիկություն, տեղեկատվության ստուգում և մարդկային դատողության առաջնահերթություն։
Աշխատարանն անցավ ինտերակտիվ ձևաչափով։ Մասնակիցները կիսվեցին իրենց հաստատությունների փորձով և մարտահրավերներով, քննարկեցին հաջողված լուծումներ և միջոլորտային համագործակցության ընդլայնման հնարավորություններ։
Նախաձեռնությունը Եվրասիա միջազգային համալսարանի ևս մեկ քայլ է ՄԿՈՒ համակարգի հետ համագործակցության ամրապնդման և կրթական ոլորտում նորարարական մոտեցումների տարածման ուղղությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և արդյունավետ քննարկման համար։









