«Քրեական իրավունք» առարկայի շրջանակում, ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ադելինա Սարգսյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, տեղի ունեցավ ուսանողական բանավեճ՝ «Քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի իջեցումը» թեմայով։
Բանավեճի անցկացումը նպատակ ուներ ամրապնդելու ուսանողների տեսական գիտելիքները, զարգացնելու իրավական խնդիրների ինքնուրույն վերլուծության, սեփական դիրքորոշման ձևավորման և այն հիմնավորելու կարողությունները։ Իրավաբանական կրթության մեջ նման ձևաչափը կարևոր նշանակություն ունի, քանի որ ապագա իրավաբանից պահանջվում է տիրապետել օրենքին, հասկանալ դրա կիրառման հետևանքները, գնահատել տարբեր իրավական մոտեցումները և փաստարկված դիրքորոշում արտահայտել վիճահարույց հարցերի շուրջ։
Քննարկման ընթացքում ուսանողները ներկայացրին տարբեր դիրքորոշումներ՝ հիմնավորելով իրենց տեսակետները, անդրադառնալով հակադիր փաստարկներին և խնդիրը դիտարկելով քրեաիրավական ու հասարակական տեսանկյուններից։ Փոխադարձ հարցադրումների և փաստարկների համադրման միջոցով նրանք զարգացրին իրավական վերլուծության, քննադատական մտածողության և մասնագիտական հաղորդակցության հմտությունները։
Ընտրված թեման առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի հարցը դուրս է գալիս զուտ քրեաիրավական կարգավորման շրջանակներից։ Այն առնչվում է անչափահասների իրավունքների պաշտպանությանը, հանցավորության կանխարգելմանը, պատժի նպատակներին, երեխայի տարիքային և հոգեբանական առանձնահատկությունների հաշվառմանը, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովման պետական պարտավորությանը։
Հետևաբար, հարցի քննարկումը պահանջում էր իրավական դրույթների իմացություն, տարբեր շահերի և իրավական արժեքների համակողմանի գնահատում։ Այսպիսի քննարկումների ընթացքում ուսանողները սովորում են իրավական խնդիրներին մոտենալ մասնագիտական տեսանկյունից, կշռադատել հնարավոր լուծումները և հիմնավորել իրենց եզրահանգումները։




