Հարգելի՛ գործընկերներ և ներկաներ,
Հիրավի այս նախագծին բավականին երկար, ավելի քան 15 տարի ենք սպասել՝ ակնկալիքով, որ կկարգավորվեն բազմաթիվ օրենսդրական բացեր: Եվրասիա միջազգային համալսարանը, իրագործելով տարբեր նախագծեր և մասնակցելով քննարկումների, հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնց մի մասը տեղ է գտել այս նախագծում։ Օրենքի նախագծում առկա են համակարգի առաջանցիկ զարգացումը ապահովող դրույթներ։
Այս համատեքստում կցանկանայի շեշտել մեր համալսարանի համակարգմամբ և Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացված Դոկտորական կրթության զարգացման ԱՐՄԴՈԿՏ նախագծի շրջանակում մշակված առաջարկությունների փաթեթը և նախագծում տեղ գտած Դոկտորական դպրոցների գաղափարի ներդրումը, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ամրագրումը և վերջինիս իրագործմանն առնչվող մի շարք դրույթներ։
Կարևորում ենք նաև կատարողականի արդյունքային ցուցանիշների համակարգի ներդրումը, որի շուրջ լիազոր մարմնի, մեր և այլ համալսարանների ներգրավմամբ բավականին ակտիվ աշխատում է KPI նախագիծը։ Միանշանակ դրական առաջընթաց ենք համարում կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգերի, համատեղ կամ կրկնակի դիպլոմի կրթական ծրագրերի, միկրոորակավորումների ինստիտուցիոնալացման միտումները։
Այդուհանդերձ նախագծում առկա են նաև մի շարք մտահոգիչ և խնդրահարույց հարցեր, որոնց փորձեմ համառոտ անդրադառնալ՝
1․ Օրենքը տարանջատում է հետազոտական և ոչ հետազոտական բուհերը՝ ակնհայտ առավելություն տալով գիտելիք ստեղծող, հետազոտական հաստատություններին։ Սակայն այսպես կոչված «դասավանդող»՝ կիրառական ուղղվածությամբ բուհերն ունեն ոչ պակաս կարևոր առաքելություն՝ ապահովել որակյալ մասնագիտական կրթություն, ձևավորել գործնական հմտություններ և պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ՝ առավել անհատականացված ուսուցման միջավայրում։
Թեպետ այս բուհերում ևս գիտահետազոտական աշխատանքը կարևոր է, դրանց հիմնական նպատակը կիրառական կրթությունն է։ «Կրթության զարգացման մինչև 2030 թ․» ռազմավարական ծրագրով նախատեսվում է, որ շրջանավարտների առնվազն 90%-ը պետք է զբաղված լինի մասնագիտությանը համապատասխան։ Սա հնարավոր կլինի միայն, եթե օրենքը լիարժեք հաշվի առնի բուհերի առաքելությունների բազմազանությունը։ Այս համատեքստում առաջարկում ենք՝ տարբերակել լիցենզավորման պահանջները կիրառական և հետազոտական բուհերի համար։
2․ Երկրորդ դիտարկումը վերաբերվում է մասնավոր բուհական համակարգի առանձնահատկությանը։ Մենք լիահույս էինք, որ նոր օրենքը կունենա մասնավոր բուհերի առաքելության ընկալման հեղափոխական մոտեցում: Նախագիծը, չի կարևորում մասնավոր բուհերի առաքելությունը՝ որպես այլընտրանքային հնարավորություններ ապահովող, համակարգում առողջ մրցակցություն խթանող, ճկուն և դինամիկ աշխատաոճի շնորհիվ կրթական նորարարությունների արդյունավետ իրագործման միջավայր:
Օրենքով պետական և մասնավոր բուհերի նկատմամբ սահմանվում են միանման պահանջներ (օր.՝ ուսանողների նվազագույն թվաքանակ, գործունեության վայրի սահմանափակում և այլն), ինչն, ըստ էության, սպառնում է մասնավոր բուհերի գործունեության կայունությանը, ինքնավարությանը և ազատությանը։ Եթե պետությունը կարող է իր նախաձեռնությամբ խոշորացնել պետական բուհերը, ապա մասնավոր բուհերի համար անհրաժեշտ են ողջամիտ անցումային ժամանակահատված և առանձնահատուկ պայմաններ՝ ինչը նախագիծը ներկայում չի ապահովում։
3․ Կցանկանայի խոսել նաև մասնավոր բուհերի կազմակերպա-իրավական ձևի մասին: Նախապես նշեմ, որ լինելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, ո՛չ Եվրասիա միջազգային համալսարանը, ոչ էլ կրթահամալիրի կազմում գործող «Օհանյան» կրթահամալիրը 30 տարի չեն բաշխել շահույթ, գործել են շահույթ չհետապնդող կառույցի տրամաբանությամբ՝ շահույթը շարունակաբար ուղղելով հաստատությունների զարգացմանը։ Վստահ ենք՝ նույն սկզբունքով աշխատում են նաև բազմաթիվ այլ մասնավոր բուհեր։ Մենք մի քանի անգամ դիմել ենք լիազոր մարմնին՝ խնդրելով նախատեսել օրենսդրական մեխանիզմներ «ՍՊԸ»-ի կազմակերպաիրավական ձևից սահուն անցում կատարելու հիմնադրամի՝ պահպանելով տրված լիցենզիաներն ու հավատարմագրերը:
Այնուամենայնիվ, Օրենքի նախագիծը նախատեսում է, որ մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը գործող մասնավոր բուհերը վերակազմակերպվում (վերակազմավորվում) են հիմնադրամների կամ հիմնում են հիմնադրամներ և դիմում են բուհի և կրթական ծրագրերի լիցենզավորման: Նախագծում, ըստ էության, մենք գործ ունենք ոչ թե վերակազմավորման, այլ՝ նոր իրավաբանական անձի ստեղծման հետ՝ իր բոլոր հետևանքներով։ Բուհերը կկանգնեն «զրոյից» սկսելու անհրաժեշտության առաջ՝ նոր լիցենզավորման գործընթացով, ինչը կարող է վտանգել տարիներով ձևավորված միջազգային համագործակցությունները և կուտակված փորձը։ Կարգավորումը խաթարում է կայացած հաստատությունների գործունեությունը, ավելացնում բյուրոկրատական բեռը և փաստացի hետ մղում համակարգը՝ չեզոքացնելով երկար տարիների զարգացումները։
Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ մենք պլանավորում ենք անցում կատարել շահույթ չհետապնդող իրավական կարգավիճակի, այնուամենայնիվ համարում ենք, որ բուհական համակարգում բազմազանությունը պետք է պահպանվի։ Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ ավանդաբար միատարր կրթական համակարգերում ակտիվ զարգանում են թե շահույթ հետապնդող, թե չհետապնդող, մասնավոր, մրցունակ և որակյալ հաստատություններ։
Այսպիսով՝ առաջարկում ենք ՍՊԸ-ի կարգավիճակ ունեցող բուհերին, որոնք ցանկանում են վերակազմավորվել հիմնադրամների, հնարավորություն ընձեռել սահուն և անխոչընդոտ կատարել այդ անցումը՝ առանց պատմության ընդհատման, լիցենզիաների և հավատարմագրումների զրոյացման։ Միևնույն ժամանակ համարում ենք, որ այս անցումը պետք է կրի բացառապես կամավորական բնույթ։
4․ Հատուկ կցանկանայի նաև խոսել ուսանողների թվաքանակի լիցենզավորման նվազագույն շեմի մասին։ Նախագծի նոր կարգավորումներով պարտադրվում են ոչ իրատեսական պահանջներ․ օրինակ՝ բուհերից պահանջվում է ապահովել ենթակառուցվածքներ և միջոցներ 4000 ուսանողի համար, երբ ընդունելության նվազագույն շեմը 2000 է։ Սա նշանակում է կրկնակի տարածքներ և ենթակառուցվածքներ, մարդկային միջոցներ և ֆինանսական բեռ՝ անկախ իրական պահանջարկից և բուհի ռազմավարությունից, առաքելությունից։ Ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակային կառավարման տեսանկյունից ցանկալի կլինի ներդնել տնտեսապես առավել հիմնավորված, ռեսուրսների նպատակային օգտագործմանն ուղղված պահանջներ՝ նվազագույնը տարբերակելով մասնավոր համակարգին ներկայացվող պահանջները։
Միևնույն ժամանակ, ուզում եմ ընդգծել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, գործում են թե՛ արդյունավետ փոքր բուհեր, և թե՛ ոչ արդյունավետ մեծ բուհեր։ Նույնը վերաբերում է կազմակերպաիրավական ձևին. կարելի է հանդիպել արդյունավետությամբ աչքի ընկնող շահույթ հետապնդող հաստատություններ, ինչպես նաև թույլ կառավարվող ոչ առևտրային կազմակերպություններ։Չկա որևէ հիմնավորված հետազոտություն, որն ապացուցում է ուղղակի կապ բուհի կազմակերպաիրավական ձևի, դրա չափերի և որակի միջև։ Առաջարկում ենք երկու լուծում․ կամ տարբերակել լիցենզավորման պահանջները պետական և մասնավոր բուհերի համար, կամ՝ կիրառել միջազգային փորձը՝ տարբերակելով դրանք ըստ բուհի տեսակի՝ կիրառական, այսպես կոչված «դասավանդող» և հետազոտական հաստատությունների համար։
Մենք լիովին հասկանում ենք պետության խոշորացման օրակարգը, որը հասկանալի և ընդունելի է։ Սակայն առաջարկվող կարգավորումները վերանայման կարիք ունեն։ Պետությունը կարող է ձգտել առավել արդյունավետ կառավարել պետական միջոցները խոշորացման միջոցով, սակայն մասնավոր բուհերն օգտագործում են սեփական ռեսուրսները և պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն որոշելու դրանց օպտիմալ օգտագործման ձևերը, ինչպես նաև ձևավորելու իրենց զարգացման ռազմավարությունն ու հեռանկարները։
Ամփոփելով՝ հորդորում ենք հեղինակներին և օրենսդիրներին վերանայել նախագիծը՝ հիմք ընդունելով ակադեմիական ազատության և ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքները, որոնք պաշտպանված են նաև Սահմանադրությամբ։ Անհրաժեշտ է խթանել համակարգի աստիճանական, էվոլյուցիոն զարգացումը՝ պահպանելով բուհերի առաքելությունների և կազմակերպաիրավական ձևերի բազմազանությունը, ինչպես նաև որակի ապահովման արդյունավետ գործիքակազմը՝ անկախ արտաքին գնահատման միջոցով։ Հարկավոր է ստեղծել բարենպաստ պայմաններ առաքելահեն և բազմազան հաստատությունների կայուն զարգացման համար՝ համահունչ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի միտումներին ու միջազգային հանձնառություններին։
Շնորհակալություն եմ հայտնում ելույթի հնարավորություն ընձեռելու համար:


