1.Ինչպե՞ս սկսվեց Ձեր իրավաբանական կարիերան և ինչպե՞ս ազդեց Եվրասիա միջազգային համալսարանում ստացած կրթությունը Ձեր մասնագիտական ընտրության վրա։
Նախ` սկսեմ նրանից, թե ինչպես ծնվեց այն գաղափարը, որ ես պետք է դառնամ իրավաբան։ Շատ հետաքրքիր պատմություն կա ամենի հետևում, որով կցանկանամ կիսվել Ձեզ հետ։
10 տարուց ավել աշխատում էի հայտնի բանկերից մեկում, աշխատանում էի ոչ միայն գումարի համար, ինչը շատերն էին անում, այլ նրա համար, որ սիրում էի իմ գործը։ Վայելում էի ամեն մի օրս, մինչև այն պահը, երբ հասկացա, որ կամ պետք է փակեմ աչքերս շատ բաների առաջ և կոտրված ու հիասթափված աշխատեմ զուտ գումար վաստակելու համար կամ խոսեմ, արտահայտվեմ և իրականությունն ասեմ, թե ինչ էր կատարվում շուրջբոլորս։ Արդյունքում եղավ այն ինչ եղավ։ Դե արդեն կարծում եմ հասկացաք, որ իրականությունը չընդունվեց, և հաղթեց անարդարությունը։ Ես ինձ մեղադրում էի այդ ամենի համար, որ չգիտեի իմ իրավունքները, որ չէի կարողանում ինձ պաշտպանել, ուստի որոշում կայացրեցի, որ պետք է դառնամ իրավաբան։ Փորձեցի գտնել այնպիսի ուսումնական հաստատություն, որտեղ կարող էի սովորել երեկոյան ժամերի, համատեղելով աշխատանքիս հետ։ Եվրասիա Միջազգային Համալսարանն իմ մեջ մեծ հույս արթնացրեց։ Ընդունվեցի, սկսեցի սովորել։ Եվ հասկացա, որ 11 տարվա աշխատանքային ձեռքբերումներն ու դժվարությամբ ստացած հաստիքը ստիպված եմ թողնել և մի քանի օրվա ընթացքում դուրս եկա բանկից՝ պարզ դեմքով, արդեն բավականին իրազեկ իմ իրավունքներից, և շատ հանգիստ, որ ես չունեմ այլևս ոչինչ վախենալու, կորցնելու, ընդհակառակը, ինձ սպասվում էր շատ ավելի հետաքրքիր կյանքի նոր փուլ։ Դասեր, ընտանիք, երկու երեխա, լիքը դժվարություններ՝ ոչինչ ինձ հետ չպահեց այն մտքից, որ ես դառնալու եմ իրավաբան։
Եվրասիա միջազգային համալսարանում ստացած կրթությունը իմ մասնագիտական ընտրության վրա բավականին դրական ազդեցություն ունեցավ։ Չնայած նրան, որ դա իմ երրորդ մասնագիտական կրթությունն էր արդեն, այնուամենայնիվ ես ինձ զգում էի այն ուսանողի պես, ով այդ ամենի միջով անցնում էր առաջին անգամ։
Շատ դժվարությունների էի հանդիպում սկզբում դասախոսների հետ շփման հարցում, ովքեր բնականաբար ի սկզբանե չիմանալով իմ արդեն բավականաչափ ձեռքբերած գիտելիքներն ու աշխատանքային փորձը, ինձ հետ շփվում էին նորաթուխ ուսանողի պես 🙂 սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ, և հիմա նրանցից շատերի հետ շատ ջերմ ընկերական հարաբերությունների մեջ ենք։
2. Կպատմե՞ք, թե ինչպես անցավ Ձեր ԵՄՀ դիպլոմի ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում և ինչպիսի՞ հիմնական դժվարությունների հանդիպեցիք։
Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ իրավաբանական ոլորտում Հայաստանում, ԱՄՆ տեղափոխվելուց հետո սկսեցի մտածել նույնը էստեղ շարունակելու մասին, քանի որ այլ ոլորտում ինձ այլևս չեմ պատկերացնում։ Անցել եմ մի շարք դասընթացներ, սեմինարներ և վերապատրաստումներ, համագործակցել եմ փաստաբանների հետ, սակայն այդ ամենը բանական չէր սեփական գործը սկսելու համար։ Անհրաժեշտություն առաջացավ ճանաչելու ԵՄՀ դիպլոմս, որպեսզի հնարավորություն ունենամ գրանցվել և աշխատել որպես LDA (Legal Document Assistant), իրավական փաստաթղթերի օգնական։ Ամբողջ գործընթացի ընթացքում չեմ հանդիպել ոչ մի դժվարության, քանի որ պրոցեսն ընթացել է հարթ ու հեշտ։ ԵՄՀ տրամադրած դիպլոմը եռալեզու է, ուստի չկա թարգմանության անհրաժեշտություն։ Անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան հասանելի էր, ուստի գործընթացը շատ արագ կազմակերպեցի ու հասված օրերի ընթացքում ստացա գնահատող ընկերության կողմից փաստաթուղթ, որով պարզ դարձավ, որ իմ ստացած կրթությունը համարժեք է ԱՄՆ-ի կրթությանը և Կալիֆոռնիայի պետական քարտուղարությունը /California Secretary of State/ հաստատեց և գրանցեց ինձ որպես Իրավական Փաստաթղթերի Օգնական (Legal Document Assistant) Լոս Անջելես քաունթիում։ Սա մեծ ձեռքբերում էր ինձ համար, որի համար շնորհակալությունս եմ ուզում հայտնել Եվրասիային։
3.Ի՞նչ ոլորտում եք մասնագիտանում այժմ ԱՄՆ-ում, և ո՞րն էր այն շրջադարձային պահը կամ գործը, որը Ձեզ մասնագիտական ճանաչում բերեց։
1.5 տարի կես դրույքով աշխատել եմ ներգաղթի և մարմնական վնասվածքների գործերով զբաղվող փաստաբանական գրասենյակում, օրվա մնացած մասն էլ՝ զբաղվում էի թարգմանություններով (անգլերեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն), համագործակցում էի նոտարների, փաստաբանների հետ։ Ժամանակի ընթացքում հաճախորդներիս թիվն ավելացավ և ստիպված դուրս եկա աշխատանքից, բացեցի իմ փոքր բիզնեսը, KM Legalis-ը, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, աջակցում էի մարդկանց փաստաթղթերի պատրաստման, ձևաթղթերի լրացման գործընթացներում, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ։ Ես երբեք չեմ դադարում սովորել։ Շարունակեցի կարդալ, սովորել և հասկացա, որ ժամանակն է ավելի առաջ գնալու իրավաբանական ոլորտում։ Երբ Կալիֆոռնիայի պետական քարտուղարությունը /California Secretary of State/ հաստատեց և գրանցեց ինձ որպես Իրավական Փաստաթղթերի Օգնական (Legal Document Assistant) Լոս Անջելես քաունթիում, ես հասկացա, որ իզուր չեմ անցել այսքան դժվարությունների միջով, այսքան սովորել և դեռ շարունակելու եմ սովորելն ու ինձ վրա աշխատելը։ Այժմ ընդլայնել եմ ծառայություններիս շարքը, կարող եմ օգնել դատարան ներկայացնել փոքր պահանջներ, կազմել լիազորագրեր, համաձայնագրեր, հայտարարագրեր և տարբեր քաղաքացիական փաստաթղթեր, ինչպես նաև տրամադրում եմ ակադեմիական աջակցություն՝ փաստաթղթերի պատրաստման, դիմումների լրացման, ուսումնական նյութերի ձևաչափման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցում, իհարկե առանց խորհրդատվության կամ ուսումնական որոշումների, օգնում եմ կազմել ռեզյումե ԱՄՆ ստանդարտներին համապատասխան, օժանդակություն եմ ցուցաբերում դիպլոմների գնահատման գործընթացում, օգնում եմ ձեռքբերել ցանկացած տիպի թույլատվություն կամ լիցենզիա, գրանցում եմ ընկերություններ։ Մի խոսքով, կարող եմ աջակցել ցանկացած իրավաբանական գործընթացում։
4.Ինչպիսի՞ տարբերություններ եք նկատում իրավաբանական մշակույթի մեջ ԱՄՆ-ում և Հայաստանում, և ինչպես հարմարվեցիք այդ միջավայրին։
Շատ-շատ են տարբերությունները։ Այստեղ ամեն ինչ սկսվում է 0-ից։ Դա վերաբերվում է ոչ միայն սկսնակ իրավաբանին, այլ նաև դատավորին կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնողին։ Ինչքան էլ ունենաս փորձ ու գիտելիքներ, պետք է պատրաստ լինես սկսես 0-ից, նորից սովորես, ու փորձես հարմարվես այս մշակույթին։
Ժամանակ է պետք այդ միջավայրին հարմարվելու և սովորելու համար։
Ես անցա այդ դժվարությունների միջով։ Հիմա արդեն պատրաստ եմ կիսել իմ գիտելիքներն ու փորձը մյուսների հետ։
5.Ի՞նչ խորհուրդ կտաք ԵՄՀ ներկայիս ուսանողներին, որոնք ցանկանում են շարունակել կրթությունն ու կարիերան արտերկրում։
Թող երբեք չդադարել սովորել։ Հաճախ մեզ թվում է, թե դա անիմաստ ժամանակի կորուստ է․ ամենևին էլ ոչ։ Առաջին համալսարանս ավարտել եմ 2002 թվականին, երբ սպասում էի առաջնեկիս։ Ուղիղ 20 տարի հետո ավարտեցի 3րդ համալսարանը՝ սպասելով երրորդ երեխայիս։ Ոչինչ չի կարող խոչընդոտ հանդիսանալ, եթե ունես նպատակ։ Չեմ ասում երազանք, քանի որ վախուց չեմ հավատում դրան։ Երբեք չեմ երազում, ապրում եմ ներկա ժամանակով, վայելում եմ ամեն մի վայրկյանը, քանի որ կյանքը շաաատ կարճ է։
6.Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա մասնագիտական զարգացումը և արդյո՞ք կտե՜սնեք Ձեզ Հայաստանի իրավական համակարգին աջակցելու որևէ նախաձեռնությունում։
Սա շատ ցավոտ թեմա է ինձ համար։ Երբեք չեմ պատկերացրել, որ կապրեմ և կարարեմ օտար երկրում։ Սակայն հանգամանքների բերումով հայտնվել եմ այստեղ և կան որոշակի խոչընդոտներ հայրենիք վերադառնալու և այնտեղ հետագա մասնագիտական զարգացումը շարունակելու հարցում։
Ինչպես նշեցի, ապրում եմ այսօրվա օրով, և ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետո։


