2025 թ. սեպտեմբերի 23-ին Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց «Արդարադատության մատչելիություն. նորարարությունների կիրառումն ուսուցման և ուսումնասիրությունների գործընթացում» խորագրով աշխատաժողովը, որն իրականացվել է միջառարկայական մագիստրոսական ծրագրի և վերապատրաստման մոդուլների մշակմանը նպատակաուղղված MAJust նախագծի արդյունքների հանրային իրազեկման շրջանակներում։ Միջոցառման ժամանակ նաև ներկայացվեց JUST FAIR կրթաթոշակային ծրագիրը որպես արդարադատության հասանելիության տարբեր թեմատիկ հարցերի շուրջ ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին աջակցող նոր նախաձեռնություն:
Երկու նախագծերն էլ իրականացվում են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող JUREMONIA ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ վերահսկելու Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները։
Իր ողջույնի խոսքում ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը ընդգծեց, որ ԵՄՀ-ն մշտապես առաջնահերթություն է տալիս կայուն զարգացման նպատակների բովանդակային ինտեգրմանը կրթության և հետազոտության մեջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով MAJust և JUST FAIR նախագծերի կողմից առաջ մղվող «Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ» նպատակադրմանը։ ԵՄՀ ռեկտորը շեշտեց, որ երկու նախագծերն էլ նպաստում են ԵՄՀ-ի ռազմավարական նպատակին՝ ակադեմիական շրջանակների, կառավարության և քաղաքացիական հասարակության դերակատարների միջև կառուցել բովանդակալից երկխոսություն։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման համատեքստում կարևորեց արդարադատության համակարգի բարեփոխումների նշանակությունը։ Նա ընդգծեց, որ ԵՄ-ն ունի երկարամյա և հաստատուն հանձնառություն աջակցելու Հայաստանի արդարադատության համակարգի բարեփոխումներին՝ դրանք դիտարկելով որպես ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության ու քաղաքացիների վստահության հիմնական նախապայման։ Ողջունելով JUREMONIA-ի և ԵՄՀ-ի նախաձեռնություններին՝ պարոն Հեսը կարևորեց ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության և որոշում կայացնողների միջև ձևավորվող եռակողմ համագործակցությունը՝ այն համարելով փաստահեն քաղաքականությունների մշակման խոստումնալից մոդել։
JUREMONIA նախագծի կոնսորցիումի ներկայացուցիչներ դոկտոր Մալինի Լաքշմինարայանը (Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտե) և տիկին Գայանե Հովակիմյանը («Սոցիալական արդարություն» ՀԿ) կարևորեցին MAJust և JUST FAIR նախագծերի արդյունքները JUREMONIA ծրագրի իրականացման գործում։
Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն, դեսպան Իոսեբ Նանոբաշվիլին (Վրաստան) պաշտոնապես շնորհավորեց ԵՄՀ-ին՝ EPLO-ի և վերջինիս տնօրենների խորհրդի անդամ դառնալու առիթով՝ ընդգծելով, որ ԵՄՀ-ն Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը միացել է EPLO-ին։ Նա նշեց, որ նոր մշակված կրթական ծրագիրը լիովին համապատասխանում է EPLO-ի նպատակներին՝ խթանելու օրենքի գերակայությունը, արդարությունը և լավ կառավարումը, և առաջարկեց մեթոդաբանական ու փորձագիտական աջակցություն վերջինիս իրագործման համար։
MAJust և JUST FAIR նախագծերի ակադեմիական համակարգող իրավագիտության դոկտոր Աննա Խվորոստյանկինան ներկայացրեց երկու նախագծերի արդյունքները և ուրվագծեց ուսուցման, հետազոտության, հանրային ներգրավվածության և ոլորտի միջազգայնացմանն ուղղված ապագա ծրագրերը։
Միջոցառումն ամփոփվեց կլոր-սեղանի ձևաչափով քննարկմամբ, որի թեման նվիրված էր արդարադատության հասանելիության ընթացիկ մարտահրավերների հաղթահարման գործում ակադեմիական շրջանակների դերակատարությանը։ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ և ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համանախագահ Լուսինե Հակոբյանը ընդգծեց ակադեմիայի և պրակտիկայի համադրման կարևորությունը։ Դոկտոր Աննա Հովհանիսյանը անդրադարձավ իրավունքի և գիտությունների (մասնավորապես՝ գենետիկայի) փոխկապակցման կարևորությանը՝ արդարադատության հասանելիության և արդար դատաքննության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու նպատակով։
Իտալիայից ժամանած Միլանի և Ռոմա Տրե համալսարանների ներկայացուցիչները շեշտադրեցին իրենց կողմից իրականացվող հետազոտություններին առնչվող արդիական հարցեր՝ ընդգծելով ընտրական արդարադատության խնդիրները, շրջակա միջավայրի և կլիմայական հարցերում արդարադատության ապահովումը, ինչպես նաև իրավաբանական կլինիկաների դերը խոցելի սոցիալական խմբերին աջակցություն ցուցաբերելու գործում։ Ռաուլ Վալլենբերգ ինստիտուտի ներկայացուցիչ Մելինե Ավագյանը ողջունեց երկու նախագծերի շրջանակում իրականացված աշխատանքները և ներկայացրեց RWI-ի կողմից իրականացվող համապատասխան ծրագրերը։
ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, MAJust և JUST FAIR նախագծերի ինստիտուցիոնալ համակարգող Ռուբեն Մարկոսյանը կարևորեց ուսանողակենտրոն մոտեցումը կրթության մեջ և ուսանողների առաջարկվող կրթական ուղիների ճկունությունը։ Այս մոտեցումները «Արդարադատության հասանելիություն» մագիստրոսական ծրագրում և վերապատրաստումների (սերտիֆիկացիոն) դասընթացների ծրագրում մարմնավորված են միջառարկայական, մոդուլային կառուցվածքով, որոնք ապագայում նոր ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին համահունչ կարող են նաև առաջարկվել համապատասխան միկրոորակավորման մոդուլներ։ Կլոր սեղանի մյուս հյուրերն ու ԵՄՀ դասախոսները ևս հանդես եկան արժեքավոր դիտարկումներով և մեկնաբանություններով։
«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:


