Հայկական գորգագործությունը ամենահին արհեստներից մեկն է: Գորգարվեստին վերաբերող մեզ ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Ք.ա. 5-րդ դարով թվագրվող արվեստի այս գործը հայտնաբերվել է 1949 թ.՝ Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում։ Այն շուրջ 25 դար մնացել է սառած դամբարանում: Գորգը հայտնաբերած Սերգեյ Ռուդենկոն գտնում էր, որ այն գործվել է Արարատյան (Վանի) թագավորությունում: Գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանը նույնպես արվեստի այս գլուխգործոցը վերագրում է հայկական մշակույթին, քանի որ այն գործված է եղել կրկնակի (հայկական) հանգույցով և օգտագործվել է որդան կարմիր ներկը: Այս փաստը բացահայտել են նաև Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի մասնագետները, որտեղ էլ խնամքով պահպանվում է աշխարհի ամենահին գորգը։
Ս.թ. մարտի 22-ին Եվրասիա միջազագային համալսարանի ռեկտոր Ս.Օհանյանի գլխավորությամբ իրականացվեց այց «Մեգերյան կարպետ Հայաստան» ընկերություն: Այցի հիմնական նպատակն էր եվրոպացի ուսանողներին և հետազոտողներին ավելի մոտից ծանոթացնելու հայկական ակունքներին ու առավել բացահայտելու աշխարհի ամենահին երկրներից մեկի պատմությունը: «Մեգերյան կարպետ Հայաստան» ընկերությունում ԵՄՀ թիմին դիմավորեց անձամբ «տան տերը»՝ պարոն Մեգերյանը, որը ողջունեց այսօրինակ նախաձեռնության համար, իսկ ռեկտոր Ս.Օհանյանը
բոլորի անունից հայտնեց շնորհակալություն պարոն Մեգերյանից կատարած լայնածավալ աշխատանքի և հայկականը միջազգային մասշտաբներով տարածելու ու ճանաչելի դարձնելու համար, և վստահություն հայտնեց, որ այսօրինակ նախաձեռնությունները բուհի կողմից կլինեն շարունակական:
Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացան գորգարտադրությանը, ներկա գտնվեցին և անձամբ մասնակցեցին գորգագործությանը, ականատես եղան գորգի հարդարման գործընթացին, լսեցին հետաքրքրիր փաստեր հայկական գորգի պատմությունից, համտեսեցին հայական լավաշից: Այցը ամփոփվեց հայկական կերակրատեսակների համտեսով: