Որակի ապահովում
Եվրասիա միջազգային համալսարանի որակի ապահովման կենտրոնը համալսարանի ստորաբաժանումներից է, որը ՀՀ օրենսդրությամբ, համալսարանի ու սեփական կանոնադրությամբ, ինչպես նաև այլ ներքին վարչական որոշումներով նախատեսված դեպքերում իրականացնում է ներքին որակի ապահովման գործառույթներ` ներառելով հետազոտական, կրթական ու կառավարման մեթոդական գնահատման բնագավառները և նպաստելով համալսարանի որակի շարունակական կատարելագործմանը:
Որակի ապահովման ներքին համակարգ
Որակը երբեք պատահականություն չէ, այն ուղղորդված նախաձեռնությունների, անկեղծ ջանքերի, խելացի ու հմուտ կառավարման, բազում այլընտրանքների միջև իմաստուն ընտրության արդյունք է: Ուիլյամ Ֆոսթեր
Կենտրոնի հիմնական նպատակներն են.
- նպաստել առաջարկվող կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների` եվրոպական և ազգային չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխանեցմանը,
- նպաստել համալսարանում հաշվետվողականության և որակի մշակույթի տարածմանը,
- որակի արտաքին գնահատման նպատակով ստեղծել մեթոդական, կազմակերպական, տեխնիկական և տեղեկատվական հիմք,
- նպաստել բուհի առաքելության և ռազմավարական նպատակների իրականացմանը:
Արտաքին գնահատում
2023 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ որոշումը հաստատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ Հավատարմագրումն իրականացվել է ազգային և եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան: Հավատարմագիրը վկայում է համալսարանի գործունեության համապատասխանությունը նշյալ չափանիշներին (European Standards and Guidelines)։
Հավատարմագրման հանձնաժողովի 2023թ-ի դեկտեմբերի 26 N91 որոշմամբ Եվրասիա միջազգային համալսարանին շնորհվել է Պետական հավատարմագրման ՎԿԱՅԱԿԱՆ N85, Հրաման N 214-Ա/2, 14 փետրվարի, 2024։
Որակի ապահովման ուղեցույց
ԵՄՀ որակի ապահովման ուղեցույցի նպատակն է սահմանել կառավարման համակարգի հիմնական մոտեցումները, որակի քաղաքականությունը, գործընթացներն ու մեխանիզմները: Ուղեցույցը նախատեսված է ԵՄՀ վարչական աշխատակիցների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի, ուսանողների և այլ շահակիցների համար:
ԵՄՀ Որակի ապահովման ուղեցույցը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։
Դիպլոմի հավելված
Եվրասիա միջազգային համալսարանի շրջանավարտներին տրամադրվում է դիպլոմի հավելված, որը համապատասխանում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ/ՍԵՊԵՍ-ի կողմից մշակված ձևին: Հավելվածը կոչված է տրամադրելու բավարար չափով անկախ տվյալներ, որոնք կբարելավեն որակավորումների (դիպլոմների, աստիճանների, վկայականների և այլն) միջազգային «թափանցիկությունը» և «արդար» ակադեմիական ու մասնագիտական ճանաչումը:
Հավելվածն ապահովում է․
- Որակավորման մասին նկարագրություն, որն առավել հասկանալի և դյուրին ճանաչելի արտերկրում
- Հստակ նկարագրություն ուսանողի ձեռքբերած վերջնարդյունքների, ինչպես նաև այդ վերջնարդյունքների տիրապետման մակարդակի վերաբերյալ
- Առավել հեշտ աշխատանքի տեղավորման հնարավորություն՝ գործատուի համար հասկանալի տեղեկատվության ապահովման միջոցով
Դիպլոմի հավելվածը ներառում է հետևյալ բաժինները.
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ
- ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
- ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻ
Բոլոնիա
Բոլոնիայի գործընթացի սկզբունքների տեղայնացումը Եվրասիա միջազգային համալսարանում
ՀՀ-ի ինտեգրմանը եվրոպական բարձրագույն կրթական միասնական տարածք Եվրասիա միջազգային համալսարանն արձագանքեց դեռևս 2001 թ-ին շրջանավարտներին շնորհելով բակալավրի որակավորման աստիճան: Ավելի ուշ` 2003 թ-ին, համալսարանի բոլոր մասնագիտություններում ներդրվեց նաև կրթական երկրորդ` մագիստրոսական աստիճանը, և բուհն անցավ երկփուլ կրթական համակարգի` ապահովելով Բոլոնիայի գործընթացով ենթադրվող հիմնական գործառույթներից մեկը:
Հիմք ընդունելով համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգը և ՀՀ կառավարության 2005 թ. որոշումը` 2006-2007 ուստարվանից ԵՄՀ-ն համակողմանիորեն նախաձեռնեց կրեդիտային համակարգի ներդրման աշխատանքները` ուղեցույց ունենալով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված կրեդիտների փոխանցման և կուտակման օրինակելի կարգը (մինչ այդ բուհը կրթափորձի կարգով տեղայնացրել էր համակարգի առանձին բաղադրամասեր):
Բոլոնիայի գործընթացով ենթադրվող կրթական բարեփոխումների շարունակական ընթացքը Եվրասիա միջազգային համալսարանում ապահովել է հետևյալ հիմնական արդյունքները.
- Վերահաշվարկվել և ECTS կրեդիտներով է արտահայտվել ուսանողի ուսումնական լրիվ բեռնվածությունը (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք), վերանայվել են ուսումնական պլանները, ստեղծվել են կրեդիտային հենքով և առարկաների կամընտրականությունն ապահովող ուսումնական պլաններ, որոնց համապատասխան կառուցվածքայնորեն և մեթոդապես փոխվել են նաև առարկայական ծրագրերը (գործողության մեջ են դրվել մեթոդական բոլորովին նոր պահանջներով առարկայական ծրագրեր):
- Փոփոխության են ենթարկվել բուհի ուսումնական, կազմակերպական և վարչարարական գործընթացները, ինչպես նաև բուհի կառավարման ողջ համակարգը:
- Վերափոխվել է ուսանողի գիտելիքի գնահատման և դրան համարժեք խրախուսման համակարգը, ուսանողի ակադեմիական տեղեկագրի ձևը, ստեղծվել և գործածվել է նոր տիպի ստուգման գրքույկ, մշակվել են ուսումնական գործընթացի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ նոր տիպի բոլոր ձևաթղթերը(բուհն ամեն տարի հրատարակում է «Կրեդիտային համակարգում ուսուցման տեղեկագիրք»):
- Համալսարանի կառուցվածքում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ` ակադեմիական զարգացման, որակի ապահովման, հետազոտական, կարիերայի կենտրոններ, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթությանն ուղղված նախագծերի կառավարման կենտրոն:
Համալսարանը Բոլոնիայի գործընթացով ենթադրվող ժողովրդավարացմանը` կրթության շահառուների մասնակցության աստիճանի բարձրացմանը միտված քաղաքականության իրականացման նպատակով որակի ապահովման համակարգի հիմքում դրել է.
- որոշումների կայացման մասնակցային մոդելը` ապահովելով շահառուների հետադարձ կապի հնարավորությունները
- ուսանողակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է ոչ միայն ուսանողակենտրոն դասավանդման մեթոդների կիրառմամբ, այլ նաև ընկած է հաստատության յուրաքանչյուր օղակի գործունեության հիմքում:
Եվրասիա միջազգային համալսարանում իրականացվող կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների համարժեքության ապահովման նպատակով անընդհատ են պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի վերապատրաստման աշխատանքները (աշխատակիցների գործուղում արտասահմանյան համալսարաններ, պարբերաբար միջազգային կրթական փորձագետների ներգրավում և այլն):
2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ որոշումը հաստատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ Հավատարմագրումն իրականացվել է ազգային և եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան և հավավատարմագիրը վկայում է համալսարանի գործունեության համապատասխանությունը նշյալ չափանիշներին (European Standards and Guidlines)։