Երևանի պետական համալսարանում ազդարարվեց «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագծի մեկնարկը:
Եվրասիա միջազգային համալսարանը՝ որպես Նախագծի կոնսուցիումում ընդգրկված բուհ, ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի գլխավորությամբ և Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանի, հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Ամիրխանյանի, ինչպես նաև Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանի մասնակցությամբ ևս ներգրավված էր մեկնարկային աշխատաժողովի աշխատանքներին:
KPI4HE ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք կնպաստեն որակյալ ու ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով (համաձայն ԳԱՑԱՇ-ի):
«Եվրասիա միջազգային համալսարանի համար այս տարին բազմաթիվ միջազգային նախագծերի մեկնարկային տարի է, և առաջիկայում մեր մասնակցությամբ, իսկ նախագծերից մեկում նաև համահամակարգմամբ իրականացնելու է ԵՄ Էրազմուս+ ծրագրի կողմից ֆինանսավորվող 4 մասշտաբային կրթական բարեփոխումների և բուհական համակարգի կարողությունների զարգացմանը միտված նախագիծ: Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի մշակմանը նվիրված KPI4HE նախագիծը, հիրավի լինելով ազգային Նախագիծ, մեծ ներուժ ունի նպաստելու բուհական համակարգի արդյունահեն ռազմավարական կառավարման և գործունեության իրականացմանը` ապահովելով չափելի հենանիշներ հաստատությունների գործունեության գնահատման և բարելավման համար, առաջնորդելով ռազմավարական որոշումների կայացման գործընթացը և նպաստելով հաշվետվողականությանը և շարունակական կատարելագործմանը»,-ընդգծեց Ռուբեն Մարկոսյանը:
Ազգային այս եռամյա ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, մասնակիցները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), Եվրասիա միջազգային համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն (ACEP) ՀԿ-ն, ինչպես նաև եվրոպական երեք բուհեր՝ Դրեզդենի տեխնիկական և Օլդենբուրգի (Գերմանիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարանները:
KPI4HE նախագծի մեկնարկային աշխատաժողովի երկրորդ օրը առավել հանգամանալից քննարկվեցին նախագծի նպատակները, արդյունքները, համապատասխան աշխատանքային ուղղությունները և առաջիկա մեկ տարվա գործողությունների պլանը, ինչպես նաև ծրագրի ֆինանսական կառավարման կանոնները։
Այնուհետև աշխատանքները շարունակվեցին աշխատանքային վեց խմբերում, որի ժամանակ քննարկվեցին համալսարանի կառավարման, ռազմավարական պլանավորման, ուսումնական գործընթացի կազմակերպման, որակի ապահովման, միջազգայնացման, ինչպես նաև գիտության ու թվայնացման համար անհրաժեշտ ԳԱՑ-երի շրջանակը։