Armroots ամառային դպրոց
ARMROOTS ամառային դպրոցը ինտերակտիվ աշխատարաններով, ստեղծագործական մեդիա նախագծերով և յուրօրինակ էքսկուրսիաներով հագեցած ծրագիր է, որը նախատեսում է ուսումնասիրել Հայաստանի հարուստ մշակույթը, պատմությունը, ավանդույթները և ներկայացնել աշխարհին՝ հայ պատանիների աչքերով նկարահանված հոլովակներով, էսսեներով, հոդվածներով։ Ամառային դպրոցն առաջարկում է մասնակցության ճկուն տարբերակներ՝ մեկշաբաթյա մասնակցությունից մինչև ողջ ծրագրում ընդգրկվածություն։
ARMROOTS ամառային դպրոցն իրականացվում է ARMROOTS հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում «Օհանյան» կրթահամալիրի և Եվրասիա միջազգային համալսարանի հետ սերտ համագործակցությամբ։
Ամառային դպրոցը համակարգում է Արևիկ Օհանյանը, ով ունի միջազգային նախագծերի կառավարման և ուսանողների փոխանակման ծրագրերի կառավարման ավելի քան 15 տարվա փորձառություն։ Արևիկն ավարտել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագիրը (MBA), այժմ հանդիսանում է ԱՄՆ-ում Բոստոն Քոլեջի կրթության կառավարման դոկտորանտ (Boston College, Executive EdD in Higher Education Administartion): Նա հանդիսանում է ARMROOTS հասարակական կազմակերպության համահիմնադիր, ինչպես նաև «Նյուտոնիկ» նախակրթարանի, «Օհանյան» կրթահամալիրի, «Եվրասիա» միջազգային համալսարանի հիմնադիրների խորհրդի անդամ:
Այցի ընթացքում աշակերտները կծանոթանան հայ մշակույթին, պատմությանը, ավանդույթներին՝ ինտերակտիվ և մասնակցային բազմաբնույթ միջոցառումների, աշխատարանների, էքսկուրսիաների, հայտնի մշակութային և արվեստի գործիչների հետ հանդիպումների միջոցով։ Ծրագրի հիմնական նպատակներից է կապ հաստատել սփյուռքի և Հայաստանում բնակվող հայ պատանիների միջև, ինչն իրականացվելու է համատեղ նախագծերի միջոցով։
Ծրագրի առանձնահատկությունները
Կապ
Ամուր կապերի հաստատում Հայաստանում բնակվող հասակակիցների հետ
Սպորտային մրցույթներ
Մասնակցություն սպորտային ակտիվ խաղերի և մրցույթների
Թանգարաններ և պատմություն
Աշխատարաններ թանգարաններում և այցեր Հայաստանի տեսարժան վայրեր
Խոհարարական դասեր
Ազգային ուտեստների պատրաստման խոհարարական դասեր
Նկարահանումներ
Մասնակիցների նկարահանած հոլովակները, մշակած հոդվածները կտարածվեն՝ զբոսաշրջիկներին ներկայացնելով Հայաստանը՝ պատանիների աչքերով։
Հրաձգության դասեր
Պատանիները կայցելեն հրաձգարան
Լեզուների իմացության բարելավում
Տարբեր երկրներից ժամանած և հայաստանաբնակ հասակակիցների հետ անմիջական շփման միջոցով կբարելավեն լեզուների իմացությունը
Կամավորական աշխատանք
Համայնքային կամավորական աշխատանքների լիարժեք կատարման դեպքում կտրամադրվեն վկայականներ։
Ովքե՞ր կարող են մասնակցել:
13-18 տարեկան պատանիներ Հայաստանից և հայկական սփյուռքից, ովքեր ցանկանում են շփվել, սովորել, բացահայտել Հայաստանը։
Վերջնաժամկետ
- Վաղ դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ ապրիլի 30
Ե՞րբ
- Առաջին շաբաթ (Երևան)․ հունիսի 23 – հունիսի 27
- Երկրորդ շաբաթ (Երևան), հունիսի 30-հուլիսի 04
- Երրորդ շաբաթ (Երևան), հուլիսի 07-հուլիսի 11
- Չորրորդ շաբաթ (Դիլիջան), հուլիսի 14-հուլիսի 18
Կազմակերպիչներ
ARMROOTS-ի մասին
ARMROOTS-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպատակ ունի ամրապնդել կրթական կապերը սփյուռքի և Հայաստանի միջև: Կրթական տարաբնույթ նախագծերի իրականացման միջոցով ARMROOTS-ը ստեղծում է հայ ինքնության, պատմության, մշակույթի, ավանդույթների մասին խորը ընկալման հնարավորություններ՝ հանդիսանալով կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև։
Միաժամանակ, ARMROOTS-ը ստեղծում է դպրոցների մանկավարժների, բուհերի դասախոսների, գիտնականների և վարչական աշխատողների միջազգային վերապատրաստման, կարողությունների զարգացման, գիտելիքի և փորձի շրջանառության հնարավորություններ։ Այն խթանում է կրթական նորարարությունները, գիտական համագործակցությունները սփյուռքի և Հայաստանի գիտնականների միջև՝ դրամաշնորհային ծրագրերի, միջազգային այցերի, կարողությունների զարգացման և ենթկառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերի միջոցով։
Հիմնական գործընկերները
«Օհանյան» կրթահամալիրը հանդիսանում է հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ»-ի (ՄԲ) համաշխարհային դպրոց (IB World School)։ Այս ձեռքբերումն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն՝ ուղղված բանիմաց, վերլուծող, հետազոտող, լայնախոհ, արդյունավետ հաղորդակցության և թիմային աշխատանքի կարողություններով, սկզբունքային և հավասարակշռված, նախաձեռնող ապագա առաջնորդների ձևավորմանը։
🔗 Կայք․ www.ohanyan.org
Եվրասիա միջազգային համալսարանն (ԵՄՀ) առաջատար բարձրագույն կրթության հաստատություն է, որը հատուկ ուշադրություն է դարձնում ձեռներեցության կարողությունների զարգացմանը, միջազգային նորարարական կրթական ծրագրերի իրականացմանը և ակադեմիական գերազանցությանը: Համալսարանն առաջարկում է բակալավրիական, մագիստրոսական և դոկտորական ծրագրեր՝ տարբեր մասնագիտություններով։ ԵՄՀ-ն ակտիվորեն համագործակցում է եվրոպական գործընկեր համալսարանների հետ՝ ապահովելով ուսանողների և դասախոսների փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև իրականացնում է կրկնակի դիպլոմի համատեղ ծրագրեր։
🔗 Կայք․ www.eiu.am
ARMROOTS ամառային փորձառություն
«Օհանյան» կրթահամալիրը և Եվրասիա միջազգային համալսարանը, համատեղելով իրենց փորձը և ռեսուրսները, կաջակցեն ARMROOTS ամառային դպրոցի իրականացմանը՝ ուսուցչական և դասախոսական կազմի աջակցությամբ մասնակիցների համար ապահովելով անմոռանալի հիշողություններ։ Երկու կազմակերպություններն ունեն միջազգային ամառային դպրոցների կազմեկրպման, աշակերտների, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման շուրջ 30 տարվա փորձառություն։
Ծրագիր
Արկածային ամառային դպրոց պատանիների համար
Եթե ցանկանում ես բացահայտել Հայաստանը հետաքրքիր, արկածային փորձառության միջոցով, միացի՛ր ARMROOTS ամառային դպրոցին։ Միասին բացահայտելու ենք Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, աշխույժ երիտասարդական մշակույթը։ Կարող ես ընտրել ինչպես մեկշաբաթյա ծրագիր, այնպես էլ միանալ բոլոր 4 շաբաթների ընթացքում․ ծրագրերը տարբեր են, այնպես որ չես ձանձրանա։
Իրականացնելու ենք տարբեր մեդիա նախագծեր՝ ընդգծելու Հայաստանի գրավչությունը որպես զբոսաշրջային ուղղություն։ Ամառային դպրոցի ընթացքում կստեղծես բովանդակություն՝ ապագա զբոսաշրջիկներին հասանելի դարձնելով Հայաստանի ամենահետաքրքիր ու գրավիչ անկյուններ՝ քո փոքրիկ ներդրումն ապահովելով Հայաստանի տուրիզմի զարգացման գործում։ Ֆոտոնկարչության, կարճ հոլովակների նկարահանման, գրառումների, ռիլսերի (reels) և հոդվածների միոջոցով կտարածես քո տպավորությունները՝ ընդգծելով Հայաստանի յուրահատուկ մշակութային, պատմական ժառանգությունը, ժամանակակից երիտասարդական կյանքը, ավանդույթները։ Լավագույն աշխատանքները մեր համագործակից մեդիա հարթակները կտպագրեն և կտարածեն լայն լսարանների համար։
Շաբաթ 1․ Հայկական ժառանգություն և ավանդույթներ
- Շաբաթ առաջին․ հունիսի 23 – հունիսի 27
Այս շաբաթը նվիրված է Հայաստանի ավանդական արվեստներին, արհեստներին, երաժշտությանը, խոհանոցին և մշակութային ժառանգությանը:
- Օր 1. Կծանոթանանք հայկական մշակույթին, ավանդույթներին, ծեսերին` զվարճալի խաղերի միջոցով։ Կայցելենք Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ կթխենք գաթա, կպարենք ազգային պարեր։ Կմասնակցենք մեդիա նախագծերի նախապատրաստական աշխատարանների։
- Օր 2. Կայցելենք Գառնու տաճարը և Գեղարդի վանքը:
- Օր 3. Ընտանեկան միջավայրում կպատրաստենք, այնուհետ կվայելենք ավանդական ուտեստներ:
- Օր 4. Կայցելենք Նորավանք և Խոր Վիրապի վանք: Կնկարահանենք գեղեցիկ բնապատկերներ և պատմական վայրեր։
- Օր 5. Մենթորների աջակցությամբ ավարտուն տեսքի կբերենք և կցուցադրենք նախագծերը՝ տեսանյութերը, լուսանկարները և մեկշաբաթյա փորձառության մասին պատրաստված նյութերը:
Բոլոր այցերի ընթացքում մեզ կուղեկցեն մասնագետներ, ում աջակցությամբ կիրականացնենք նկարահանումներ, ժամանակ կունենանք ստեղծագործելու, մեդիա նախագծերի համար հավաքագրելու կադրեր և նյութեր։ Լավագույն աշխատանքները կտպագրվեն և կտարածվեն մեր համագործակից զանգվածային լրատվական միջոցներով։
Շաբաթ 2․ Բացահայտի՛ր Հայաստանն արկածների միջոցով
- Շաբաթ երկրորդ․հունիսի 30-հուլիսի 04
Այս շաբաթը լի է լինելու արկածներով, ստեղծագործական մարտահրավերներով և ինտերակտիվ ուսուցմամբ։ Այն կատարյալ է դեռահասների համար, ովքեր սիրում են ուսումնասիրել նոր վայրեր և ստեղծագործել։
- Օր 1․ Կմասնակցենք նախապատրաստական աշխատարանների և կայցելենք «ԱզատազԷն» հրաձգարան։
- Օր 2․ Կվայելենք Սևանա լճի գեղեցկությունը՝ նկարահանելով գեղեցիկ բնապատկերներն ու պատմական տեսարժան վայրերը։
- Օր 3․ Կբացահայտենք ժամանակակից հայկական արվեստը Գաֆեսճյան թանգարանում և կստեղծենք անհատականացված հուշանվերներ արվեստի ստուդիայում։
- Օր 4․ Կբացահայտենք Երևանի փողոցները և թաքնված անկյունները ֆոտոպատմության մարտահրավերով, որին կնախորդի նախապատրաստական աշխատարանը։
- Օր 5․ Կիրականացնենք դերախաղ Էրեբունի ամրոցում և կամփոփենք շաբաթվա արկածները՝ ավարտուն տեսքի բերելով և ներկայացնելով մեդիա նախագծերը (կարող է լինել կարճ տեսանյութ, ֆոտոշարք, հոդված կամ ստեղծագործական այլ բովանդակություն):
Բոլոր այցերի ընթացքում մեզ կուղեկցեն մասնագետներ, ում աջակցությամբ կիրականացնենք նկարահանումներ, ժամանակ կունենանք ստեղծագործելու, մեդիա նախագծերի համար հավաքագրելու կադրեր և նյութեր։ Լավագույն աշխատանքները կտպագրվեն և կտարածվեն մեր համագործակից զանգվածային լրատվական միջոցներով։
Շաբաթ 3․ Ժամանակակից Հայաստան և երիտասարդություն
- Երրորդ շաբաթ՝ հուլիսի 7 – հուլիսի 11
Բացահայտե՛ք ժամանակակից Հայաստանը՝ տեխնոլոգիաների, արվեստի և երիտասարդական մշակույթի միջոցով։ Կատարյալ շաբաթ է դեռահասների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել այժմյան իրականությունը՝ տեխնոլոգիաների, արվեստի և նորարարությունների միջոցով։
- Օր 1: Կայցելենք երիտասարդ ձեռներեցների, գործարարների և «փոփոխության գործակալների» (change makers), ովքեր կարևոր դերակատարում ունեն իրենց համայնքում։ Կնկարահանենք հարցազրույցներ հաջողակ երիտասարդների հետ։
- Օր 2: Կայցելենք Վերնիսաժ և Հանրապետության հրապարակ՝ նկարահանելով ժամանակակից Երևանը։ Կայցելենք Երևանի քաղաքապետարան՝ հանդիպելու պաշտոնատար անձանց հետ, ովքեր կներկայացնեն առաջիկա ծրագրերը, կպատասխանեն մասնակիցների հարցերին։
- Օր 3: Կուսումնասիրենք Հայաստանի զարգացող տեխնոլոգիական ոլորտը՝ այցելելով տարբեր տեխնոլոգիական կազմակերպություններ։
- Օր 4: Կայցելենք Երևան Պարկ՝ վայելելով հասակակիցների հետ ժամանակը, նկարահանելով հոլովակ Երևանում ժամանցային վայրերի մասին։
- Օր 5: Ավարտուն տեսքի կբերենք շաբաթվա ընթացքում իրականացված նկարահանումները, հարցազրույցները, կնախապատրաստվենք ներկայացումներին (հոլովակ, հոդված, ռիլս (reels) և այլն)։
Շաբաթ 4․ Բացահայտի՛ր Դիլիջանը․ բնություն, արվեստ և նորարարություն
- Չորրորդ շաբաթ՝ հուլիսի 14 – հուլիսի 18
Կբացահայտենք Դիլիջանի խաղաղ գեղեցկությունը և ստեղծագործական ոգին։ Կատարյալ շաբաթ է դեռահասների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի բնապատկերները, արվեստի ժառանգությունը և աշխուժացող նորարարական միջավայրը։
- Օր 1․ Կնկարահանենք Դիլիջանի ազգային պարկի հիասքանչ բնապատկերները՝ այցերի ու արշավի ընթացքում։
- Օր 2․ Կբացահայտենք Հաղարծին վանքի պատմությունը և ճարտարապետությունը։
- Օր 3․ Կհանդիպենք երիտասարդ նորարարների և ձեռնարկատերերի հետ Դիլիջանում, կայցելենք Դիլիջանի երիտասարդական կենտրոն։ Կիրականացնենք հարցազրույցներ, որոնք կօգտագործենք Մեդիա նախագծերի համար։
- Օր 4․ Միասին կստեղծենք յուրահատուկ հուշանվերներ, կմասնակցենք նախապես պլանավորված համայնքային կամավորական աշխատանքների։
- Օր 5․ Կամփոփենք մեդիա նախագծերի արդյունքները՝ ներկայացնելով ֆոտոշարքը, հոլովակները, հոդվածները, որոնց միջոցով Դիլիջանը տեսանելի կդարձնենք աշխարհի զբոսաշրջիկների համար։
Ճկուն ընտրության հնարավորություն
- Միացի՛ր մեզ մեկ, մի քանի շաբաթով կամ ամբողջ ծրագրի ընթացքում։
- Միացի՛ր, եթե 13-18 տարեկան ես, ցանկանում են սովորել, ստեղծագործել և վայելել ժամանցը Հայաստանում՝ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հասակակիցների հետ միասին։
Կացարան
Ծրագրի մասնակիցների համար, որոնք գալիս են առանց ծնողների
Մենք կազմակերպում ենք հյուրընկալ ընտանիքներ ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի հյուրընկալ ընտանիքների միջոցով։ Այս ընտանիքներում նույնպես դեռահասներ կան, և եթե նրանք հյուրընկալում են ծրագրի մասնակցին, ապա իրենց դեռահասն անվճար է մասնակցում ծրագրին։ Համապատասխանաբար, Երեւանում երեքշաբաթյա բնակության համար վճար չի նախատեսվում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս նվազեցնել ծախսերը և ապահովել մշակութային ավելի խորը փոխանակում՝ ընտանեկան միջավայրում։
Ինչպե՞ս ենք ընտրում հյուրընկալ ընտանիքները
✅ Անվտանգություն և բարեկեցություն – Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ընտանեկան միջավայրի անվտանգությանը՝ իրականացնելով նախնական ստուգումներ, ստանալով կրթահամալիրի տնօրենության կողմից երաշխավորագրեր։
✅ Բնակության պայմաններ և հարմարավետություն – Յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա առանձին սենյակ՝ մաքուր, հարմարավետ և ապահով միջավայրում։ Տունը պետք է ունենա WiFi, որպեսզի դեռահասները կարողանան կապ պահպանել իրենց ընտանիքների հետ։
✅ Մշակութային և սոցիալական ինտեգրում – Նախապատվությունը տրվում է այն ընտանիքներին, որտեղ դեռահաս կա, որպեսզի ծրագրի մասնակիցները հեշտությամբ ներգրավվեն առօրյա կյանքում և ծանոթանան հայկական մշակույթին, ավանդույթներին ու խոհանոցին։
✅ Պարտավորություն և հաղորդակցություն – Հյուրընկալ ընտանիքները մասնակցում են նախապատրաստական հանդիպումների, կապ են պահպանում ծրագրի կազմակերպիչների հետ և հստակ ներկայացնում իրենց տան կանոնները՝ փոխադարձ հարգանքն ու հարմարավետությունը պահպանելու համար։
Հյուրընկալ ընտանիքները ոչ միայն ապահովում են կացարան, այլև ստեղծում են ջերմ, հոգատար միջավայր, որտեղ դեռահասները կարող են զգալ հայկական իրական ընտանիքի ջերմությունը և անմոռանալի հիշողություններ կուտակել։
Ծրագրի արժեքը
1-3 շաբաթ (Երևանի Ծրագիր)
Վաղ գրանցման արժեքը (մինչև ապրիլի 30)․ 150,000 ՀՀԴ մեկ շաբաթվա համար
Ընդհանուր արժեքը (ապրիլի 30-ից հետո)․ 190,000 ՀՀԴ մեկ շաբաթվա համար։
Կանխավճար՝ 20 000 ՀՀԴ յուրաքանչյուր շաբաթվա մասնակցությունն ամրագրելու համար։ Գումարը պակասեցվում է ընդհանուր գումարից, իսկ չմասնակցելու դեպքում վերադարձի ենթակա չէ։
Արժեքը ներառում է՝
- Ծրագրին ամբողջական հասանելիություն, ներառյալ աշխատարանները, էքսկուրսիաները, երթևեկությունների արժեքները, ճաշը (lunch) և ընթացիկ խորտիկները (snack):
Շաբաթ 4 (Դիլիջանի Ծրագիր)
Գինը: 350,000 ՀՀԴ
Արժեքը ներառում է՝
- Ծրագրին ամբողջական հասանելիություն, ներառյալ աշխատարանները, էքսկուրսիաները, երթևեկությունների արժեքներ և այլն:
- Երեքանգամյա առողջ սնունդ և ընթացիկ խորտիկներ էքսկուրսիաների ժամանակ (snack)։
- Հյուրանոցի կեցության վճարը։
5+ մասնակցից բաղկացած խմբերի համար գործում է 10% զեղչ։
ՀՏՀ
Ո՞րն է ծրագրի իրականացման լեզուն
Քանի որ ծրագրի հիմնական նպատակներից մեկն է հայերենի իմացության բարելավումը, ծրագրի մեծ մասը կանցկացվի հայերեն։ Նշենք, որ համակարգող թիմը և դասախոսները, ուսուցիչները խոսում են և կարող են շփվել անգլերեն։ Եթե մասնակիցը չի տիրապետում հայերեն լեզվին, նրան կկցվի կամավոր, ընկեր (հասակակից), ով կաջակցի վերջինիս ծրագրի ողջ ընթացքում․ այս համատեղ աջակցությունը նպաստավոր կլինի ձեր երեխայի հայերենի իմացության բարելավման, իսկ կամավորի՝ անգլերենի կամ ռուսերենի բարելավման համար։
Արդյո՞ք ծրագիրն ունի բժշկական աջակցություն:
Այո, աշխատակիցներին տրամադրվում են առաջին օգնության պարագաներ։ Վերջիններս նաև վերապատրաստված են՝ ապահովելու առաջին բուժօգնություն։ Եթե առաջանան ավելի լուրջ բժշկական խնդիրներ, մենք ունենք ընթացակարգ՝ կապ հաստատելու մոտակա հիվանդանոցի կամ մասնագետի հետ։ Ծնողները նախապես լրացնում են առողջական հարցաթերթ՝ կազմակերպիչներին տեղեկացնելով երեխայի առողջական խնդիրների մասին, ներկայացնելով ցուցումներ (օրինակ՝ ալերգիաների մասին տեղեկատվություն և այլն)։
Ինչպե՞ս է ապահովվում մասնակիցների անվտանգությունը:
Մասնակիցները կլինեն մշտական հսկողության ներքո փորձառու անձնակազմի կողմից։ Անվտանգությունը մեր ամենակարևոր առաջնահերթությունն է, և մենք հետևում ենք խիստ անվտանգության կանոններին։