Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Դեղագետների միջազգային միավորման (FIP) որոշմամբ ողջ աշխարհում տոնում են Դեղագետի միջազգային օրը։ Դեղագետների ամենամյա օրվա նպատակն է խրախուսել վերջիններիս համաշխարհային առողջության բարելավման գործում ունեցած ավանդի համար:
Յուրաքանչյուր տարի Դեղագետների միջազգային միավորումը սահմանում է նոր խորագիր: Այս տարվա խորագիրն է՝ «Դեղագիտություն. միշտ վստահելի է առողջության համար»: Դեղագետներն ասում են. «երբ հիվանդներն ավելի մեծ վստահություն ունեն բուժաշխատողների նկատմամբ, նրանք ավելի լավ են արձագանքում բուժմանը, ինչն էլ հանգեցնում է, ընդհանուր առմամբ, կյանքի ավելի լավ որակին»:
«Ֆարմացիա» կամ «Դեղագիտություն»՝ աշխարհի ամենահին մասնագիտությունը դարեր ի վեր պահանջարկ է վայելում և այսօր էլ շարունակում է մնալ գիտության առանցքային ուղղություն:
Ուրախալի է փաստել, որ մասնագիտության պահանջարկով պայմանավորված տարեցտարի ավելանում է նաև Եվրասիա միջազգային համալսարանում ուսանողների թիվը: Կրթական ծրագրով սահմանված՝ համալսարանը հետամուտ է լինում պատրաստելու դեղագիտության ոլորտում տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև վերլուծական մտածողություն ունեցող դեղագետների, որոնց գործունեությունն ուղղված կլինի դեղերի հետազոտմանը, մշակմանը, արտադրությանը: Այս կապակցությամբ համալսարանը համալրել և պարբերաբար համալրում է լաբորատորիաները նորագույն սարքավորումներով, ինչը նպաստում է միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան կրթության ապահովմանը և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը: Բացի այս, ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական պրակտիկա անցնելու գործընկեր լաբորատորիաներում, ներգրավված են գիտահետազոտական և կամավորական աշխատանքներում, հետազոտական նախագծերում և այլն:
Դե՛ ինչ, շնորավորում ենք մեր ապագա դեղագետներին միջազգային օրվա առթիվ և մաղթում ամուր առողջություն և բարձունքներ մասնագիտական աշխատանքում: