Ո՞վ հաղթեց «Հասարակագիտության» մրցույթում
Երկու տասնյակից ավելի թիմեր, պատրաստված կազմեր, հատուկ հագուստներ ու երկար ճանապարհ։ Հանրապետության տարբեր դպրոցների ավարտական դասարանների աշակերտները եկել էին «Եվրասիա» գլխավոր մրցանակի համար թեժ պայքար մղելու։
Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ կազմակերպվեց «Հասարակագիտություն» դպրոցական դասընթացի իրավունքի բաժնից ինտերակտիվ բազմափուլ մրցույթը:
Ողջույնի խոսքում Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը անչափ կարևորեց այսօրինակ նախաձեռնությունները և շնորհակալություն հայտնեց աշակերտներին, որոնց հետաքրքրել էր իրավունքի ճյուղը։
«Նմանատիպ ինտերակտիվ միջոցառումը Ձեզ տալիս է ինքնաճանաչման նոր հնարավորություններ, գիտելիքների ամրապնդում, ինքնահաստատում։ Անչափ ոգևորիչ է այսքան թիմերի ներկայությունը՝ Երևանից և հեռավոր մարզերից։ Սա նաև լավ հարթակ է նպատակները հստակեցնելու, մեկ անգամ ևս համոզվելու ապագայի մասնագիտության ընտրության հարցում: Այսօր չկան հաղթողներ և պարտվողներ՝ արդեն բոլորն են հաղթողներ և Ձեզ մաղթում եմ թիմային արդյունավետ աշխատանք»,-ընդգծեց ԵՄՀ ռեկտորը։
Աշակերտներին ողջունեց նաև մրցութային հանձնաժողովի նախագահը՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության երկրոդ դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Այվազյանը։ Վերջինս կարևորեց մրցույթը՝ որպես աշակերտների ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և անձնային իրավագիտակցության բարձրացմանն ուղղված գործընթաց, առօրյա կյանքում գիտելիքները կիրառելու հմտությունների ձեռքբերում։
ժյուրիի կազմում էին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության երկրոդ դասի խորհրդական Գևորգ Գենջոյանը, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սմբատ Մինասյանը և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Արաբկիր բաժնի պետի տեղակալ, արդարադատության երկրոդ դասի խորհրդական Վահագն Սիմոնյանը։
Մրցույթը բաղկացած էր երեք փուլից․ Վիճակահանությամբ երկու խմբերի բաժանված թիմերը 1-ին փուլում ավագների օգնությամբ ներկայացրին իրավաբանին բնութագրող հատկանիշները, այնուհետև պատասխանեցին տարաբնույթ մասնագիտական ինտերակտիվ հարցերի։ Երկրորդ փուլում ոչ միայն իրավիճակային խնդիրներ էին լուծում, այլև ստուգում էին իրենց ուշադրությունը և թե որքան են հմուտ, օրինակ` որքան ուշադիր են դիտել ներկայացվող տեսանյութն ու գտել իրավախախտումները։
Եզրափակիչ փուլ անցած առավելագույն միավորներ հավաքած թիմերին առաջադրվեց մեկ հիմնական խնդիր՝ տարբեր ենթադրույթներով, որոնց շուրջ աշակերտները պետք է ներկայացնեին իրենց իրավական վերլուծությունը։ Պայքարը թեժ էր, պատասխանները դիպուկ և հաղթողներին իրարից բաժանում էին մեկ–երկու միավոր։
Մրցութային փուլերի արդյունքում առաջին տեղը մեկ միավորի առավելությամբ զբաղեցրեց Կոտայքի մարզի Հրազդանի Խ.Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի թիմը։
Երկրորդը՝ Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի ու Երևանի թիվ 83 ավագ դպրոցի համատեղ կազմված թիմն էր, իսկ երրորդը` Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի թիմը։ Հաղթող թիմերը ստացան վկայականներ և դրամական պարգևներ։
ԵՄՀ-ն սահմանել էր նաև «Հատուկ մրցանակներ» «Լավագույն խոսնակ» ճանաչված երկու մասնակիցների՝ Սեդա Հայրապետյանի և Արշակ Ղազարյանի համար։ Փոքրիկ հուշանվերների արժանացան նաև ուղեկցող ուսուցիչները և 4-րդ ու 5-րդ տեղը զբաղեցրած թիմերը։ Միջոցառման ավարտին մասնակից բոլոր աշակերտները ստացան մասնակցության վկայականներ, իսկ դպրոցները՝ շնորհակալագրեր։
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և դպրոցների տնօրինությանը՝ նախաձեռնությանը ակտիվ ներգրավվելու համար, և շնորհավորում հաղթող թիմերին։