Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնում 2016թ. հոկտեմբերի 11-ին անցկացվեց վարպետության դաս՝ «Մարքեթինգային հետազոտություների ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով: Դասը վարեց Նեյրոհաբ Բիզնես Ակադեմիայի ղեկավար Անի Կյուրեղյանը:
Ա.Կյուրեղյանը լուսապատկերի միջոցով ներկայացրեց մարքեթինգային հետազոտությունների ժամանակակից տեխնոլոգիաների /նեյրոմարքեթինգի/ էությունը, մեթոդները: Դասընթացավարը մասնավորապես խոսեց նեյրոմարքեթինգի` որպես նոր սերնդի մարքեթինգի մասին, որը այսօր ոչ միայն ամենաուսումնասիրվող և արդյունավետ կիրառվող ոլորտ է, այլև որակական թռիչք է նախապատրաստել ժամանակակից մարքեթինգում: Նեյրոմարքեթինգը այնպիսի հարցերի պատասխաններ է տալիս, որոնք մինչ այսօր մարքեթինգի մասնագետների համար անհասանելի էին. ինչպես է մարդու վարքը կառավարվում նրա զգացողություններով և ինչպես կարելի է այդ ազդեցությունների միջոցով մարքեթինգային ճիշտ գործունեություն ծավալել: Այլ կերպ ասած` օգտագործել նեյրոմարքեթինգ հասկացությունը շուկայում շահույթ, հավատարիմ հաճախորդներ, վստահության դաշտ ապահովելու, ապրանքանիշը շուկայում դիրքավորելու համար: Ա.Կյուրեղյանը հանգամանալից բացատրեց նաև մարդու զգայարանի վրա դրական ազդեցություն ունենալու միջոցով ապրանքի բրենդավորման, փաթեթավորման, այն գնորդին ճանաչելի և սիրելի դարձնելու մասին: Իր խոսքում նա անդրադարձավ այս ոլորտի հիմնախնդիրներին և ներկայացրեց առաջարկություններ դրանց հաղթահարման ուղղությամբ` հիմնվելով միջազգային փորձի վրա:
Դասն անցկացվում էր ինտերակտիվ մեթոդով` պրակտիկ օրինակների հիման վրա: Ամփոփման ժամանակ Ա. Կյուրեղյանը կազմակերպեց գործնական առաջադրանք` հետաքրքիր խնդիր-լուծում` ընդգրկելով բոլոր մասնակիցներին: Հանձնարարված առաջադրանքը հաղթահարած երեք մասնակցի հնարավորություն է ընձեռնվել իրենց նախընտրած թեմայի շրջանակներում մասնագիտական վերապատրաստում անցնել Նեյրոհաբ Բիզնես Ակադեմիայում:
Հավելենք, որ սեմինարին մասնակցում էին Կառավարման և ՏՏ ամբիոնի ուսանողներ, մագիստրանտներ, ինչպես նաև տարբեր ամբիոնների դասախոսներ: