Սեպտեմբերի 29-ին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ամենամյա մերձեցման մշակութային-ճանաչողական ուղևորություն դեպի Արա լեռ: Արդեն ավանդույթ դարձած այս հետաքրքիր միջոցառման նպատակն է առաջին կուրսեցիներին ինտեգրել համալսարանական կյանքին, ծանոթացնել ԵՄՀ ավանդույթներին: Այս տարի ուսանողներին միացել էին նաև արտասահմանից հրավիրված սեմինարավար-կամավորներ՝ Նիկոլը (Գերմանիայից) և Մաթեոսը (Լեհաստանից), ովքեր ողջ ուսումնական տարվա ընթացքում կլինեն ուսանողների կողքին, կօգնեն նրանց զարգացնել «փափուկ հմտությունները»: Ուղևորության նպատակն էր, բնության մեջ զանազան դժվարություններ հաղթահարել և միմյանց օգնել,որպեսզի նոր ընդունված ուսանողները ճանաչեն իրար, կառուցեն միջանձնային ջերմ հարաբերություններ, ստեղծեն անմիջական հաղորդակցման մթնոլորտ և միաժամանակ իրազեկ դառնան համալսարանի ուսումնագիտական մշակույթին ու այդ մշակույթում գործելու կանոններին:
Ուսանողների առաջին կանգառը Ապարանի ջրամբարն էր, որը գտնվում է համանուն սարահարթում՝ Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ, Երիպատրուշ գյուղերի միջև: Ջրամբարի մասին համակողմանի իրազեկվելուց և հիմնախնդիրներին ծանոթանալուց հետո ուսանողների հաջորդ հետաքրքիր հանգրվանը Արա լեռն էր (բարձ. 2577 մ.): Ուսանողների ճնշող մեծամասնությունը հաղթահարեց լեռը բարձրանալու հետ կապված դժվարությունները:
Ուսանողները լեռան գագաթին բացառիկ բերկրանք ապրեցին, տպավորված էին նախ Արա լեռան՝ Պռոշը պատռված սարի լեռնային խառնարանով, այնուհետև Արագածի, Մեծ և Փոքր Մասիսների, Գեղամա և հայկական մյուս լեռների ու լեռնաշղթաների տեսարանով: Նրանք այնքան տոգորված էին իջել լեռնալանջով, որ զարմանքով նշում էին՝ «Արա լեռ պետք է բարձրանալ նաև տեսնելու և զգալու հայրենի եզերքի բացառիկ գեղեցկությունը»:
Այնուհետև երթուղին ձգվեց Հայոց այբուբենի հուշարձանի մոտ . այն 2005 թ.-ին կառուցվել է հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ: Հուշարձանը ներառում է Հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայոց մեծերի հուշարձանները: Հետո ուսանողների խումբը շարժվեց դեպի «Տառերի պուրակի» մոտ գտնվող 33 մ. բարձրություն ունեցող Սուրբ խաչ` բաղկացած 1715 մեծ և փոքր խաչերից, որոնք խորհրդանշում են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո անցած տարիները:
Ուղևորությունն ամփոփվեց արդեն Քասաղ գետի միջին հոսանքում՝ Աշտարակի գեղատեսիլ ձորում, որտեղ ուսանողները զբաղվեցին սպորտով, իրենց հետաքրքրող թեմաների շուրջ զրուցեցին եվրոպական համալսարաններից ժամանած կամավորների հետ և մասնակցեցին հայկական խորովածի պատրաստման և մատուցման արարողությանը:
Ուսանողները բազմաբովանդակ ու հետաքրքիր օր անցկացրեցին. նախադրյալներ ստեղծվեցին բարձր առաջադիմությամբ սկսելու ուսումնական տարին: