2018թ. դեկտեմբերի 21-ին Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ ամենամյա Ուսանողական գիտաժողով: Գիտաժողովի հիմնական նպատակն էր խթանել ուսանողների հետազոտությունների իրականացումը և մղել վերջիններիս նորարարության:
Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Իր խոսքում ռեկտորը նշեց, որ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներով մասնագիտական աշխատանքի գլխավոր ուղեկիցը մասնագիտական հատուկ հմտություններն են, իսկ դրա հիմքում նախ և առաջ ընկած է հետազոտությունը: «Եվրասիա միջազգային համալսարանը, լինելով ուսանողների հետազոտական աշխատանքի խրախուսման ջատագով, պատասխանում է այն մարտահրավերներին, որն այսօր առկա է մասնագետների պատրաստման գործընթացում, իսկ ապագա մասնագետների կայացման ճանապարհին առանցքային են ուսանողների հետազոտական, վերլուծական, ընդհանրացման հմտությունները», -հավելեց ռեկտոր Ս.Օհանյանը: Նա ողջունեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներին գիտաժողովին մասնակցելու համար և մաղթեց արդյունավետ քննարկում:
ԵՄՀ Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը փաստեց, որ այս գիտաժողովը հերթական քայլն է՝ ներկայացնելու սեփական գիտական կարողություններն ու հետազոտական հմտությունները, ակտիվացնելու ուսանողների գիտահետազոտական գործունեությունը, մի նոր ուղի երիտասարդական գիտական ներուժի բացահայտման ճանապարհին և ազդարարեց գիտաժողովի աշխատանքների մեկնարկը: