Հայաստանում 2022 թ․–ի հոկտեմբերի տվյալներով պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է՝ մոտ 59 հազարից հասնելով շուրջ 51 հազարի՝ 14.8 %։ Սրանք Հայաստանի վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներն են։
ԵԱՏՄ երկրների Զբաղվածության կենտրոններում գրանցված տվյալների համաձայն՝ 2020 թ. դեկտեմբերի համեմատ 2021 թ. 3-րդ եռամսյակում Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է մոտ 3000 հոգով։ Եվ չնայած այս հանգամանքին, տոկոսային հարաբերակցությամբ գործազուրկների ամենամեծ թիվը ԵԱՏՄ երկրներում շարունակում է մնալ հենց Հայաստանում. նշված ժամանակահատվածում գործազուրկ է եղել ընդհանուր աշխատուժի՝ 15-74 տարեկան անձանց 15,0 %:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչ Անիտա Գևորգյանը նշում է, որ 2022 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 76,8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.0 %-ով։ Գործազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրողների 67.3 %-ը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0, 1 %-ով․
«Գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 17.2 %, 30-44 տարեկանները` 43.1 %, 45-54 տարեկանները` 20.6 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.1 %։ Գործազուրկների 94.6 %-ն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են»,– մանրամասնում է Զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչը։
Գործակալության հավաքագրած տվյալների համաձայն՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 12.4 %-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 16.8 %, նախնական մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 5.0 %, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.5 %, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.3 %։ Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.8 %-ը։ Գործազուրկ անձանց 64 %-ը կանայք են։
Միևնույն ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունն այս պահի դրությամբ 3260 թափուր աշխատատեղ է արձանագրել, իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 9800 թափուր աշխատատեղ կա, որոնք չեն համալրվում։
Քրիստինե Վարդիկյան