2018թ. մայիսի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր սեղան քննարկում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողներ Հայկ Նամալյանի և Արշակ Կոստանյանի (Իրավագիտություն մասնագիտություն) մասնակցությամբ: Ուսանողներն իրենց ուսումնառության մեկ կիսամյակն անց են կացրել Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում: Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին հյուրընկալած բուհը, նրա առանձնահատկությունները, կառուցվածքը, կրթական ծրագրերը, դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերը:
Ուսանողները կիսվեցին Թուրքիայի իրենց փորձառությամբ՝ որպես իրավաբաններ կարևորելով իրենց կողմից կատարված հետազոտությունները, և նշեցին, որ վերլուծության արդյունքները պարտադիր կընդգրկվեն ավարտական աշխատանքում:
Հ. Նամալյանը և Ա. Կոստանյանը մեծ ոգևորությամբ խոսեցին նաև շարժունության ընթացքում իրենց հաղթահարած դժվարությունների մասին՝ մասնավորապես ընգծելով իրավաբանի դերը հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններում, ներկայացրին իրենց ընթացիկ նվաճումները և հայացք գցելով իրենց անցած ուղղուն՝ խորհուրդ տվեցին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներին լինել առավել նախաձեռնող, ակտիվ, մասնակցել փոխանակման ծրագրերի և օգտագործել առաջատար բուհերում լինելու բացառիկ հնարավորությունը՝ շարժունության ընթացքում իրականացնելով հետազոտություններ:
Քննարկման մասնակիցներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր համեմատական զուգահեռներ անցկացնել հյուրընկալող բուհի և ԵՄՀ-ի միջև՝ ուսումնական գործընթացների տարբերությունները պարզաբանելու համար:
Հավելենք, որ Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը աշխարհի լավագույն հարյուր համալսարանների շարքում է։