Դեկտեմբերի 02 2019
78491111 3599966920028472 8802181962983800832 o

Վերապատրաստվեցին ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարները

ԵՄՀ Հետազոտական ինկուբատորի և Որակի ապահովման կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ամենամյա պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումն այս անգամ ուղղված էր հետազոտության որակի բարելավմանը։ Արտագնա վերապատրաստման մասնակիցներն ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարներն էին, ովքեր համախմբվեցին խնդրի շուրջ, քննարկեցին վերափոխված մոտեցումները։

Վերապատրաստման առաջին հատվածում ԵՄՀ Հետազոտական ինկուբատորի ղեկավար Արևիկ Օհանյանը ներկայացրեց ավարտական աշխատանքներին և մագիստրոսական թեզերին ներկայացվող նոր պահանջները, վերափոխված ընթացակարգը և մեթոդական ցուցումները։ Նոր մեթոդական ցուցումների հիմքում ավելի վաղ իրականացված հետազոտությունն էր, նախորդ ուսումնական տարում ուսանողների պաշտպանության ընթացքում պետական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի կողմից ներկայացված առաջարկները։

Վերապատրաստման երկրորդ հատվածում ներկայացվեցին հետազոտության քանակական և որակական մեթոդները։ Որակական մեթոդներին անդրադարձավ Երևանի պետական համալսարանի դասախոս Արմինե Մխիթարյանը՝ ներկայացնելով տարբեր ոլորտներում մեթոդների կիրառման հնարավորությունները և առանձնահատկությունները։ Հետազոտության քանակական մեթոդները և կիրառման հնարավորությունները ներկայացրեց ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը՝ նշելով, որ վերապատրաստումները լինելու են շարունակական, ընդգրկելու են նաև ուսանողներին։

Հանդիպման ավարտին ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը ներկայացրեց տեղեկատվութjան, գիտական աղբյուրներ արդյունավետ փնտրելու և կառավարելու առցանց գործիքներ, ինչպես նաև հղումների կատարման ԵՄՀ նոր պահանջները և ՏՀՏ գործիքները։

Վերապատրաստման ակտիվ մասնակիցն էր նաև ԵՄՀ Կառավարման խորհրդի նախագահ Սամվել Պիպոյանը, ով հանդիպման ավարտին մասնակիցներին հանձնեց վկայականներ և ողջունեց նախաձեռնությունը։

Նշենք, որ վերապատրաստման վայրը ընտրվել էր նպատակային և այս անգամ հանդիպումը կայացավ Էջմիածնում՝ Մաչանենց տանը, որը սոցիալական ձեռնարկության առանձնահատուկ և շատ հետաքրքիր օրինակ է։