Հունիսի 16 2016
gitaj2

Տեղի ունեցավ գիտաժողով «Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում 2016 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցավ ամենամյա գիտաժողով, որն այս անգամ նվիրված էր «Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ» թեմային: Գիտաժողովին իրենց հետազոտությունները ներկայացրեցին ԵՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և համալսարանի գիտաշխատողները: Զեկույցները ընդգրկում էին բարձրագույն մասնագիտական կրթության նոր մշակույթին, ոսուցման վերջնարդյունքների ներդրմանը, փիլիսոփայական և մեթոդաբանական,   գիտելիքների գնահատմանն առնչվող հիմնահարցերը: Զեկուցողներն իրենց ելույթներում կարևորեցին նաև դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման  անհրաժեշտությունը, որոնցից էր խաղային մեթոդը (զեկուցող Ա. Ռուդենկո), որը հնարավորություն է տալիս ուսանողին ստեղծագործաբար աշխատել առաջադրված նյութի հետ, կատարել վերլուծություններ և ընդհանրացումներ:

ԵՄՀ-ում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ուսուցման նորարական մեթոդներին: Գիտաժողովը հետապնդում էր հենց այդ նպատակը: Այդ տեսանկյունից ուշադրության է արժանի Ն. Ջոմարդյանի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր բանավեճին, որպես ուսումնառության բազմաֆունկցիոնալ մեթոդի:

Մեթոդաբանական առումով ուշադրության է արժանի Ե. Մանուկյանի, Մ.Կարապետյանի,  Ա. Խաչատրյանի, Ս. Հակոբյանի և այլ զեկուցումները, որոնց շուրջ ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակում:

Բարձրագույն մասնագիտական կրթական նոր մշակույթ ստեղծելու, ժամանակակից պահանջներին համահունչ կրթական գործունեություն ծավալելու նպատակով կարևոր նշանակություն ունեն եվրոպական համալսարաններում մեծ տարածում գտած  ստեղծագործական-հետազոտական ուղղվածություն ունեցող զանազան մեթոդների կիրառումը:  Դրանք պահանջում են, նախ և առաջ, ուսուցման գործընթացներում արմատավորելու թիմային, խմբային և անհատական նախագծերով աշխատելու եղանակը: Այդ և անձնանպատակային հետազոտական տարբերակված նոր մեթոդին առնչվող հարցերին էր նվիրված «Բարձրագույն մասնագիտական կրթության նոր մշակույթի հիմնահարցեր» թեմայով զեկուցումը (Ս. Օհանյան, Ի. Բաբայան):

Գիտաժողովի ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրեցին նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի փիլիսոփայություն առարկայի դասախոսները:

Համաժողովն ունեցավ գիտագործնական նշանակություն. այնտեղ  քննարկված մեթոդական նոր եղանակները կներդրվեն համալսարանի կրթական գործընթացներում: