Կրակովում կայացավ այս տարի մեկնարկած Եվրոպական միության Էրազմուս+ Ծրագրի շրջանակում համաֆինասավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-GREEN նախագծի հերթական աշխատաժողովը։
T-GREEN նախագծի հիմնական նպատակն է ԵՄ կանաչ գործարքի և կայուն զարգացման նպատակներին համահունչ աջակցել ՀՀ բուհերում մագիստրոսական կրթության փոխակերպմանը՝ ապահովելով ավանդական կրթական ծրագրերից անցումը դեպի ապագամետ, կանաչ և միջդիսցիպլինար ծրագրերի, խթանելով ուսանողների շարժունությունը և զարգացնելով համագործակցային կրթական ծրագրերի ներդրման մեխանիզմները։
2023 թ․ նոյեմբերի 21-ից 24-ը Լեհաստանի ԿրակովԻ Յագելոնյան համալսարանում տեղի ունեցած աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ֆարմացիայի ամբիոնի վարիչ Քրիստինե Դանիելյանը և Կառավարման ամբիոնի դասախոս Քրիստինե Մինասյանը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի մշակման Եվրոպական ստանդարտներն ու պրակտիկան, այդ համատեքստում՝ շեշտադրելով կրթական վերջնարդյունքները, կրեդիտային համակարգն ու որակի ապահովման մեխանիզմները, ինչպես նաև ԵՄ երկրներում ընդունված կրկնակի և համատեղ որակավորումների, միկրոորակավորումների ազգային կանոնակարգերը, «կանաչ կրթության» առանձնահատկությունները և ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր։
ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը կարևորելով Կրակովում կայացած ԵՄ գործընկերների փորձի քննարկումը և T-Green Նախագծով նախատեսված աշխատանքները ինչպես Եվրասիա միջազգային համալսարանի, այնպես էլ ՀՀ ողջ բուհական համակարգի համար, նշեց, որ Նախագծով նախատեսված մի շարք գործողություններ, մասնավորապես կայուն զարգացման նպատակների իրագործմանը միտված բուհական համակարգի ճանապարհային քարտեզի մշակումը, «կանաչ կրթության» հայեցակարգի տեղայնացումը և առանձին միջդիսցիպլինար նոր կրթական ծրագրերի իրագործումը երկարաժամկետ կտրվածքով կարող են ունենալ էական դրական արդյունքներ։
Մասնակիցներին հետաքրքրող որոշ հարցերի քննարկման ընթացքում առանձնակի դիտարկվել են հյուրընկալող համալսարանի փորձն ու ձեռքբերումները։ Աշխատաժողովի մասնակիցները հանդիպում ունեցան նաև Կրակովի Յագելոնյան համալսարանի ակադեմիական հարցերով պրոռեկտոր պրոֆեսոր Արմեն Էդիգարյանի հետ և քննարկեցին Եվրոպական կրթական տարածաշրջանի համար արդիական մի շարք խնդիրներ, մասնավորապես արհեստական բանականության գործիքների ազդեցությունը կրթական գործընթացի իրականացմանը, միկրոորակավորումների կիրառման հեռանկարները և այլն։
Հիշեցնենք, որ T-Green նախագծի հայաստանյան մասնակիցներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգող), Եվրասիա միջազգային համալսարանը (համահամակագրող), ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։
ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային Հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։