Այսօր՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Վարշավայի տնտեսագիտական համալսարանում (Լեհաստան) մեկ կիսամյակ ուսումնառությունը շարունակած ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Նավոյանը ներկայացրեց զեկույց՝ «Կազմակերպական վարք» թեմայով։
Բանախոսը զեկույցի ներածական մասում ներկայացրեց կազմակերպություններում թիմային աշխատանքի կարևորությունը, առանձնահատկությունները, այնուհետև անդրադարձավ թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնային գործիքներին: Ըստ Լուսինեի՝ կազմակերպական վարքի ձևավորման գործում կարևոր դեր ունեն արժեքները, վերաբերմունքը և զգացողությունը: Իր հետազոտության մեջ Լուսինեն առանձնացրեց հայտնի տեսաբան Հովսթիդի վեց արժեքները և դրանց հիման վրա ներկայացրեց Հայաստանի և Ուկրաինայի համեմատական վերլուծությունը, որը կատարել էր հյուրընկալող բուհում ազգությամբ ուկրաինացի իր թիմակցի հետ:
Լուսինեն իր զեկույցում շեշտադրել էր նաև կազմակերպության միջազգայնացման բաղադրիչները և բազմամշակութային կազմակերպություններում մենեջերների դերը:
Ներկայացված հետազոտության շուրջ Լուսինեին ուղղվեցին տարաբնույթ հարցեր, ինչը փաստեց ուսանողների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը: Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսանողները, թեմայով հետաքրքրված անձիք: