Վերջին տարիներին Հայաստանում թափառող շների խնդիրն առավել ակնհայտ է դարձել։ Անտուն կենդանիների առկայությունը բարդ հիմնախնդիր է զարգացող շատ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում։
Տարիներ շարունակ թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի պատվերով պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից տարեկան 180 միլիոն ՀՀ դրամ է տրամադրվում «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ին: Թափառող շների նկատմամբ իրականացված գործողությունների համար, պաշտոնական տվյալներով Երևանում 2006-2011 թթ.-ին կատարվել է գործողություն առնվազն 135.000 շան նկատմամբ, որոնցից 35.000-ը ստերջացվել է, իսկ 100.000-ը` սատկացվել:
Հայաստանի շնասեր ակտիվիստները տարիներ տևած պայքարի արդյունքում հասել են նրան, որ թափառող շները ոչ թե ոչնչացվում են, այլ ստերջացվում ու վերադարձվում իրենց բնակության տարածք։ Հենց այս հանգամանքը հաճախ դժգոհություն է առաջացնում տարածքի բնակիչների շրջանում։ Ըստ նրանց՝ թափառող շների առկայությունը բնակավայրերում վտանգում է մարդկանց հանգիստը, առողջությունը և նույնիսկ կյանքը, նվազեցնում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։ Բնակիչները դժգոհում են, որ թափառող շները չեն թողնում հանգիստ քնել, քանի որ միայնակ թե խմբովին հաչում են հատկապես գիշերները։ Թույլ չեն տալիս անարգել քայլել փողոցներում ու բակերում, քանի որ, մեծ մասամբ, ոհմակներով են և հաճախ ագրեսիվ, իսկ բնակիչների մեծ մասը, հատկապես կանայք ու երեխաները վախ ունեն շներից։ Վարորդն էլ բողոքում են, քանի որ հաճախ շները հայտնվում են փողոցների երթևեկելի մասերում և վթարային իրավիճակների ստեղծում։ Քաղաքացիները ահազանգում են՝ թափառող շները, որ սնվում են հիմնականում աղբանոցներում, վարակների տարածման և համաճարակների առաջացման աղբյուր են։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարի ամեն օր Հայաստանում առնվազն 15 մարդ է թափառող շների հարձակման զոհ դարձել։ Առողջապահության նախարարության տվյալներով, դեպքերը տարեցտարի ավելացել են՝ հինգ տարի առաջ 3296 մարդ էր դիմել բժշկի, անցյալ տարի՝ մոտ 80 %-ով ավելի՝ 5632։
«Դինգո թիմ» ՀԿ-ն թափառող շների խնդրի լուծման առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարությանը․
«Երկու տեսակի աշխատանք պետք է տարվի. նախ պետք է վերահսկվի տնային բուծումների հարցը, որ ով ուզում է, երբ ուզում է կենդանիներին չկարողանա բուծել, և պետք է մասսայական ստերջացում իրականացվի: Մենք կառավարությանն առաջարկել ենք, որպեսզի դրսից ավելի փորձված կազմակերպություն բերի: Մենք փորձ ունենք աշխատելու Կենդանաբույծների համաշխարհային ասոցիացիայի հետ, նրանք երկու անգամ եկել են Հայաստան, որոշակի քանակի ստերջացում են արել»,–ասում է «Դինգո թիմ» ՀԿ-ի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը:
Ըստ նրա՝ գարնանն ասոցիացիայի անդամները պատրաստվում էին կրկին գալ Հայաստան՝ բարեգործական հիմունքներով, իրենց սեփական ռեսուրսներով 3000 կենդանի ստերջացնելու, սակայն, ըստ Հովսեփյանի, «Երևանի քաղաքապետարանը խոչընդոտներ է առաջացրել»։
Հիշեցնենք, որ շուրջ տասը տարի թափառող կենդանիների ստերջացման և քնեցման ոլորտում մենաշնորային դիրք էր զբաղեցնում «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը: 2018 թ․-ի գարնանը այս ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել. «Յունիգրաֆ Իքս»-ում բացահայտվել էր 185 միլիոն դրամի յուրացում: 2019 թ․–ից խնդրով զբաղվում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ը, որը ստեղծվել էր հատուկ նպատակով, որպեսզի մասնագետները կարողանային ստերջացնել շներին ավելի շուտ, քան դրանք կհասցնեին բազմանալ։ Այսօր կենտրոնը նաև միակն է, որ ունի թափառող կենդանիների կացարան՝ խիստ սահմանափակ ռեսուրսներով։ Միջինում կենտրոնում հայտնվում է տարեկան 4000 կենդանի, սակայն ժամանակավոր կացարանը նախատեսված է միայն 80 կենդանու համար։
Թե ինչո՞ւ թափառող կենդանիների ստերջացման ծրագիրն արդյունավետ չէ, ՀՈԱԿ–ում տարբեր կերպ են մեկնաբանում․ խնդիրներից մեկը շների միգրացիան է՝ մարզերից Երևան, մյուսը՝ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների անբավարար ջանքերը։
Լարիսա Կարապետյան