Ս.թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:
Պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ նիստը կայացավ դեմ առ դեմ: Խորհուրդն անդրադարձավ օրակարգում ներառված հարցերին: Մասնավորապես, նիստի անդամները միաձայն կողմ քվեարկեցին 2020-2021 ուստարվա Գարնանային կիսամյակում, ըստ կրթական ծրագրերի առանձնահատկությունների, ուսուցումը դեմ առ դեմ և առցանց համակարգով կազմակերպելուն, և հաստատեցին նոր դասացուցակները:
Օրակարգային կետերից էր «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության ընթացքի և զարգացման ծրագրերի մասին հարցը, որը ներկայացրեց կառավարման և ՏՏ ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը: Վերջինս փաստեց, որ մասնագիտությունը կայացել է, ծրագրերը ընթանում են նախատեսվածի համաձայն, խոսեց նաև ծրագրի զարգացմանը միտված ուղղությունների մասին: ԵՄՀ հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանի առաջարկով ԵՄՀ Նախագծերի կառավարման և ՏՏ ծրագրերի բաժնի կողմից աշխատակիցների համար կմշակվի դասընթաց նախագծերի կառավարման ուղղությամբ, կկազմակերպվեն նաև մեթոդական վերապատրաստումներ:
Նիստի ընթացքում հետազոտական ինկուբատորի տնօրենը անդրադարձավ փետրվարի 8-ից 12-ին Erasmus+ գրասենյակի կողմից նախատեսվող մոնիտորինգի այցի նախապատրաստական աշխատանքներին: Կատարվեց աշխատանքի պլանավորում և գործողությունների բաշխում: Ա.Օհանյանը նշեց՝ Էրազմուս+ ծրագրի ազդեցության ընթացիկ գնահատումը ցույց է տալիս,որ ծրագրերը էական ներդրում ունեն բուհի գործընթացների բարելավման գործում և նպաստել են բուհում ընդունելության թվաքանակի աճին:
Նիստի անդամները քննարկեցին նաև 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կազմակերպման հարցը. ներկայացրին առաջարկություններ գովազդի ակտիվացման ուղղությամբ։
Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյանը Գիտխորհրդին ներկայացրեց ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Իրինա Մխիթարյանին դոցենի կոչում շնորհելու մասին հարցը։ Հաշվի առնելով Իրինա Մխիթարյանի՝ Եվրասիա միջազգային համալսարանում տարիների աշխատանքային փորձը,բուհի որակի ապահովման գործընթացներում ակտիվ ներգրավվածությունը՝ առարկայական ծրագրերի մշակման, կրթության բովանդակության, կրթության մեթոդների վերանայման և այլ ուղղություններով, մի քանի տարի շարունակ ուսանողների գնահատման արդյունքում ամբիոնի լավագույն դասախոս լինելու փաստը և այլ ցուցանիշներ, ԵՄՀ Գիտական խորհուրդը միաձայն քվեարկությամբ երաշխավորեց Բարձրագույն որակավորման կոմիտե ներկայացնել Իրինա Մխիթարյանին դոցենտի կոչում շնորհելու մասին առաջարկը:
Օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: Ամփոփելով նիստը՝ նախագահ Սուրեն Օհանյանը փաստեց, որ նիստի ընթացքում առաջ քաշված հարցերը և կայացրած որոշումները նախադրյալներ կստեղծեն Գարնանային կիսամյակում դեմառդեմ ուսումնառության գործընթացների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից։