Հոկտեմբերի 13 2017
IMG 3585

Սպասված ավանդական ուղևորություն

IMG 3648Հավատարիմ մնալով իր գեղեցիկ ավանդույթներին՝ ս.թ. հոկտեմբերի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ամենամյա մշակութային-ճանաչողական ուղևորություն այս անգամ բացահայտելու Արագածոտնի մարզում գտնվող հնագույն երեք հայկական վանական համալիրները՝ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցին, Հովհաննավանքը և Սաղմոսավանքը:

Ուսանողների առաջին կանգառը 13-րդ դարում կառուցված Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցին էր, որտեղ նրանց ներկայացվեց ուշ միջնադարում սև ու դեղնակարմրավուն տուֆից կառուցված և ճարտարապետական ձևերի գեղագիտական յուրօրինակ հատկանիշներ ունեցող այս  համալիրի պատմությունը, առ այն, որ այստեղ են պահվում  սուրբ Գևորգի մասունքները, այն եղել է հռչակավոր ուխտատեղի,  այստեղ են ընդօրինակվել ձեռագրեր, հաստատվել է եպիսկոպոսական աթոռ: Այնուհետև քահանայի կողմից ուսանողության օրհնության արարողությունից հետո տպավորություններով լի ճանապարհը տարավ հաջորդ պատմական կոթողի՝ Հովանավանքի մոտ: Քասախ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում     3-րդ դարում կառուցված այս համալիրը, որը հանդիսացել է դպրատուն,  հայ գրչության նշանավոր կենտրոն՝  հարուստ մատենադարանով (այստեղ գրված ձեռագրերից 20-ը պահպանվել են), հիացրեց եվրասիականներին։ Ուսանողները ուսումնասիրեցին նաև շինության պատերին 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրությունները, որոնք վերաբերում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին:

Հետաքրքրասերների երրորդ կանգառը միջնադարյան կարևորագույն մշակութային և հոգևոր կենտրոնի՝ կիրճի եզրին գտնվող Սաղմոսավանքի մոտ էր: Ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ՝ ուղղանկյուն եռագմբեթ այս համալիրը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իր պատմությամբ ևս բացառիկ հետաքրքրություն արթնացրեց.  այն եղել է դպրոց, որտեղ դասավանդել է Գրիգոր Տաթևացին, այստեղ պահվել է մոտ 120 ձեռագիր, որի ցանկը 1912թ. հայտնաբերվել է կիրճի քարանձավներից մեկում ։ 1890-ական թթ Խրիմյան Հայրիկի կողմից վերանորոգված բացառիկ այս հուշարձանը այսօր հյուրընկալում է բազմաթիվ զբոսաշրջիկների:

IMG 3754

ԵՄՀ ուսանողների բազմաբովանդակ և հետաքրքիր ուղևորությունը ամփոփվեց Քասաղ գետի միջին հոսանքում՝  Աշտարակի գեղատեսիլ ձորում, որտեղ ուսանողները կազմակերպեցին խաղեր, ծավալեցին քննարկումներ իրենց հետաքրքրող թեմաների շուրջ  և մասնակցեցին հայկական խորովածի պատրաստման և մատուցման արարողությանը:

 

Հիշեցնենք, որ արդեն ավանդույթ դարձած այս հետաքրքիր միջոցառման նպատակն է  ԵՄՀ նոր ընդունված ուսանողներին ինտեգրել համալսարանական կյանքին, ոչ պաշտոնական մթնոլորտում  ծանոթանալ միմյանց հետ, կառուցել  միջանձնային ջերմ հարաբերություններ և միաժամանակ իրազեկ դառնալ ԵՄՀ ավանդույթներին, ուսումնագիտական մշակույթին ու այդ մշակույթում գործելու կանոններին: