Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա միջազգային համալսարանում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Օրը սպասված էր ոչ միայն ակադեմիական կրթության նոր աշխարհ մուտք գործողների, այլ նաև արդեն ուսանողական կյանքով արպրող կուրսընկերների համար:
Համալսարանականները սկզբում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին նահատակված հայորդիների, ինչպես նաև օրերս Գյումրիի ողբերգական ավտովթարի զոհ դարձած ԵՄՀ աշխատակից և ուսանողուհի, արցախցի Հելեն Դադայանի հիշատակին:
Միջոցառման մասնակիցներին առաջինը ողջունեց ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը. «Սիրելի եվրասիականներ, բարի գալուստ Եվրասիա միջազգային համալսարան և բարի՛ երթ նոր ուսումնական տարում: Համոզված եմ, որ շնորհիվ արհեստավարժ պրոֆեսորադասախոսական թիմի՝ դուք կսովորեք ավելի մոտիվացված, կլինեք նախաձեռնող, կստեղծեք նոր նախագծեր և կդառնաք առավել ինքնուրույն ու բանիմաց մասնագետներ։ Մեր ձեռքը դարի զարկերակին է. դա նշանակում է, որ մենք քայլում ենք նորարարությանը համահունչ»:
Ուսանողներին շնորհավորական խոսք հղեց նաև ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ.գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը՝ ներկայացնելով բուհի ակադեմիական կյանքն ու հորդորեց լինել ուսումնական գործընթացում ավելի պատասխանատու և նպատակասլաց։
Միջոցառման ընթացքում «Լրագրության» բաժնի ուսանողները նորեկներին ներկայացրեցին, թե ինչինպիսն է եղել իրենց ուսանողական կյանքը, երբ իրենք էին առաջին կուրս, և թե որքան նվաճումերի են հասել մեկ տարվա ընթացքում:
Շնորհավորանքներից հետո նոր ընդունված ուսանողները հանդիպեցին նաև ամբիոնի վարիչների ու կրթական ծրագրերի պատասխանատուների հետ, ովքեր ուսանողներին ներկայացրեցին իրենց ապագա մասնագիտության առանձնահատկություններն ու պատասխանեցին նրանց հուզող հարցերին: