Մայիսի 26 2020
1 1

ԵՄՀ Գիտական խորհուրդը հաստատեց Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը

Ս.թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի առցանց նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին օրակարգում ներառված մի շարք հարցեր: Օրակարգի կարևոր կետերից էր 2019-2020 ուստարվա գարնանային կիսամյակի վերջնական քննությունների արդյունավետ կազմակերպման հարցը, որի նպատակով ԵՄՀ Որակի ապահովման կետրոնն իրականացրել էր Կորոնավիրուսի օրերին հեռավար ուսուցման կազմակերպման մշտադիտարկում և Գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց Մեթոդական խորհրդի աջակցությամբ մշակված «Հեռավար և խառը ուսուցման կազմակերպման ուղեցույց»-ը: Վերջինս խթանելու է տեղեկատվության և հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կրթական գործընթացում, նպաստելու է ուսումնական գործընթացի անհատականացմանը և ուսումնական պլանների կիրառման ճկուն համակարգի ներդրմանը, ինչպես նաև տրամադրում է համապարփակ տեղեկատվություն և ուղղորդում հեռավար ուսուցման գործընթացի մասնակիցներին կազմակերպման շուրջ։ Ուղեցույցում ներկայացված են նաև այլընտրանքային գնահատման ԵՄՀ կողմից ընդունելի մոտեցումներ և դրանց նկարագրությունն ու կիրառությունը։ ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավարը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց նաև մի շարք ընթացակարգեր, որոնք վերանայվել էին հաշվի առնելով գործընթացների առցանց կազմակերպումը, օրինակ՝ «Քննությունների կազմակերպման և անցկացման կարգ»-ում ավելացվել էր առցանց քննությունների կազմակերման և անցկացման կանոնակարգումն ապահովող բաժին, «Բակալավրի հետազոտական աշխատանքի և մագիստրոսական թեզի նախապատրաստման և պաշպանության ուղեցույց»-ում ներկայացվել էր ավարտական աշխատանքների/ մագիստրոսական թեզերի առցանց ներկայացման և պաշտպանության ընթացակարգը և այլն։ Վերանայվել էր նաև ԵՄՀ «Ուսանողների բողոքների քննարկման կարգ»-ը, համաձայն որի ուսանողներն այլևս կարող էին բողոքարկման հայտ ներկայացնել բացառապես առցանց։ Վերոնշյալ բոլոր փաստաթղթերը հաստատվեցին Գիտական խորհրդի կողմից։

Նիստին ամփոփվեց նաև 2019-2020 ուսումնական տարվա նախաավարտական, գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկաների արդյունքները, անդրադարձավ «Ֆարմացիա» մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված պրակտիկայի (Բուսաբանություն առարկայի շրջանակներում) կազմակերպման հարցին: Գիտխորհրդի անդամները քննարկեցին գործընթացին առընչվող խնդիրները, կայացրեցին որոշումներ դրանց հաղթահարման ուղիների շուրջ:

2020-2021 ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովը խորհրդին ներկայացրեց աշխատանքների ընթացքը:
Անդրադարձ կատարվեց նաև Կարիերիայի զարգացման և գործատուների հետ կապերի կենտրոնի կողմից վերջին հինգ տարվա կտրվածքով ԵՄՀ շրջանավարտների զբաղվածության դինամիկային ուղղված հետազոտության արդյունքներին՝ մասնավորապես նշելով, որ վերջին 5 տարիների կտրվածքով ԵՄՀ շրջանավարտների զբաղվածության հանրագումարային ցուցանիշը կազմում է 64%, իսկ մասնագիտական զբաղվածության ցուցանիշը նույն ժամանակահատվածի համար՝ 30%։ Հատկանշական է, որ ԵՄՀ մագիստրոսների զբաղվածության ցուցանիշը կազմում է 77% (մասնագիտական զբաղվածությունը՝ 45%): Օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Ամփոփելով նիստը՝ նախագահ Ս. Օհանյանը փաստեց վերջինիս արդյունավետությունը և նշեց, որ հեռավար հարթակում աշխատանքների արդյունավետ կազմակերպումը նոր խթան կհանդիսանան բուհի զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերի կենսագործմանը։