Ս․թ․ ապրիլի 10-13-ը Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը, Սաուդիան Արաբիայի Կրթության նախարարության հրավերով, մասնակցեց «Սաուդիան համալսարանների փոխակերպումը փոփոխությունների դարաշրջանում» խորագրով բարձրագույն կրթության միջազգային համաժողովին և ցուցահանդեսին։
Համաժողովի ընթացում Սաուդիան Արաբիայի Թագավորության Կրթության նախարար դոկտոր Համադ Բին Մուհամմեդ Ալ Շեյխը ներկայացրեց Սաուդիան Արաբիայի զարգացման «2030 ՏԵՍԼԱԿԱՆ»-ը։ Ըստ նոր տեսլականի, նախատեսվում է նվազեցնել երկրի կախվածությունը նավթից՝ զարգացնելով առողջապահության և կրթության համակարգերը, ենթակառուցվածքները, հանգստի և տուրիզմի ոլորտները։
Համաժողովին կրթության հեռանկարների, զարգացման միտումների և մարտահրավերների մասին խոսեցին աշխարհահռչակ գիտնականներ և հետազոտողներ՝ ներկայացնելով առանձնահատուկ լուծումներ։
Ֆրանսիայի Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն կրթության Հետազոտության և նորարարության տնօրեն Ալեն Բերեզը նշեց, որ բուհերը պետք է լինեն ճկուն, կանխատեսեն և չմերժեն իրենց դերը՝ որպես տնտեսության զարգացման «շարժիչ»։ Բանախոսն ընդգծեց բուհերի ինքնավարության կարևորությունը, ինչի պայմաններում հնարավոր կլինի իրականացնել առավել ճկուն կառավարում։
Համաժողովին մասնակցում էին մի շարք հայտնի գիտնականներ, որոնք ներկայացրին բարձրագույն կրթության կառավարման նոր մոդելներ և մոտեցումներ, քննարկեցին ապագայի հմտությունները, բարձրագույն կրթության ոլորտում արհեստական բանականության դերը, ուսուցման և ուսումնառության ապագան նոր սերնդի՝ iGen-ի համար։
Համաժողովին զուգահեռ ընթանում էր միջազգային ցուցահանդես, որին մասնակցեցին տարբեր երկրների ավելի քան 350 լավագույն բուհեր։