Ս.թ. մայիսի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի «Ֆարմացիա» ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց առցանց վարպետության դաս «Որակի ապահովման բաղադրիչները Հայաստանի դեղակարգավորման գործընթացներում» թեմայով:
Վարպետության դասը վարեց Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի Պատշաճ դեղագործական գործունեության բաժնի ղեկավար Մկրտիչ Շաքարյանը:
Դեղերի որակի ապահովումը դրանց շրջանառության ողջ ընթացքում հանդիսանում է առողջապահական համակարգի գլխավոր հիմնախնդիրներից մեկը, քանի որ դրա հետ ուղղակիորեն կապված են նաև դեղի արդյունավետությունն ու անվտանգությունը, այսինքն՝ բուժմանն առնչվող հիմնական հարցերը:
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց պատշաճ դեղարտադրության և իրացման բոլոր փուլերում միջազգային և տեղական պահանջներն ու մոտեցումները: Կարևորվեցին հատկապես որակի ապահովման և որակի հսկման կետերը՝ որպես անվտանգ և ապահով արտադրանքի հիմնական գրավական: Ներկայացվեցին նաև միջազգային մոտեցումները և միջազգային լիազոր մարմինների հետ փորձագիտական կենտրոնի փոխճանաչմանն ուղղված քայլերը:
Նշենք, որ հանդիպամանը մասնակցեցին ոչ միայն ԵՄՀ «Ֆարմացիա» մասնագիտության ուսանողները, այլ նաև տարբեր բուհերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք: