Հուլիսի 21 2020
110202754 184579819702627 7218469421936149221 o

Առցանց վերապատրաստում՝ «Դոկտորական կրթության քաղաքականությունն ու կառուցվածքները» թեմայով

Ս.թ. հուլիսի 15-17-ը «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի շրջանակում կազմակերպվեցին առցանց վերապատրաստումներ՝ «Դոկտորական կրթության քաղաքականությունն ու կառուցվածքները» թեմայով:

Կարողությունների զարգացմանը միտված հեռավար վերապատրաստման նպատակն էր ուսումնասիրել ԵՄ-ում և մասնավորապես ARMDOCT ծրագրի գործընկեր երկրներում դոկտորական կրթության քաղաքականությունն ու գործառնությունը:

Սեմինարների ընթացքում ներկայացվեցին դոկտորական կրթության զարգացումները, Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև ARMDOCT ծրագրի գործընկերներ երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա և Պորտուգալիա) լավագույն փորձը: Ժան-Մուլին Լիոնի 3 համալսարանի, Թերամոյի համալսարանի, Վիլնյուսի համալսարանի, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչները ներկայացրին դոկտորական կրթության քաղաքականությունն ու կառուցվածքը, պետության և բուհերի միջև հարաբերությունները, դոկտորական կրթության քաղաքականության նպատակներն ու գերակայությունները: Անդրադարձան նաև հետազոտությունների ռազմավարությանը, դոկտորական կրթության ֆինանսավորմանը և դոկտորական կրթության կազմակերպման մեջ գործարար ոլորտի ներգրավվածությանը:

Առցանց վերապատրաստումն ամփոփվեց «Դոկտորական կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով քննարկմամբ, որը վարեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպրորտի նախարարության Կրթության քաղաքականության գլխավոր մասնագետ Տաթևիկ Ղարիբյանը: Քննարկման մասնակիցները՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից և Լիտվայից, ներկայացրին բարձրագույն կրթության երրորդ աստիճանում (ասպիրանտուրա, դոկտորանտուրա) , իրենց պետությունների ներկայիս մարտահրավերները, գիտական ինստիտուտների և համալսարանների ինտեգրման և համագործակցության հնարավորությունները, ընդունելության և պետական ֆինանսավորման չափորոշիչները, ինչպես նաև դոկտորական կրթության և գիտական հետազոտությունների ֆինանսավորմանն ուղղված արդյունաբերության խթանները և այլն: Առանձնահատուկ էր Լիտվայի օրինակը՝ որպես հետխորհրդային երկիր, բարձրագույն կրթության արևմտացման ճանապարհին թույլ տված սխալների, բացթողումների և դրա հիման վրա ձեռք բերած փորձի առումով: Այս տեսանկյունից, հաշվի առնելով լավագույն օրիանակի առանձնահատկությունները՝ կոնսորցիումը պլանավորեց առանձին վեբինար անցկացնել Լիտվայի ներկայացուցիչների և փորձագետների հետ:

Հանդիպումն ավարտվեց ավանդույթ դարձած խմբային լուսանկարով՝ այս անգամ առցանց հարթակում:

Եռօրյա վերապատրաստումների ներկայացումները ARMDOCT-ի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ http://armdoct.com/outcomes/