Ս.թ. օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի նիստը, որը վարեց խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:
Խորհուրդն անդրադարձավ օրակարգում ներառված հարցերին: Մասնավորապես, նիստի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեցին Գիտական խորհրդի նոր կազմը: Հաջորդիվ, կողմնորոշման օրվա՝ սեպտեմբերի 1-ի միջոցառման նախապատրաստական աշխատանքների և օրակարգի հաստատման մասին հարցն էր, որի շուրջ խոսեց Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի ղեկավար Էդգար Ամիրխանյանը: Վերջինիս կողմից հանգամանալից ներկայացվեց միջոցառման օրակարգը, որը միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվեց Գիտխորհրդի անդամների կողմից:
ԵՄՀ ռեգիստրար Սիրարփի Դավթյանը ամփոփեց «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Գիտական խորհրդի որոշմամբ 2020-2021 ուստարվա ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած վեց ուսանող արժանացան «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների, որոնք նախատեսված են առաջին կիսամյակի համար: Նրանք են.
- Սյուզաննա Գրիգորյան («Իրավագիտություն» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 100% զեղչ),
- Էդգար Մանուչարյան («Իրավագիտություն» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 90% զեղչ),
- Քրիստինա Սերոբյան («Կառավարում» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 80% զեղչ),
- Անժելիկա Ավետիսյան («Կառավարում» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 70% զեղչ),
- Հելեն Դադայան («Կառավարում» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 60% զեղչ),
- Սոֆի Մկրտչյան («Իրավագիտություն» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 50% զեղչ):
Հեղինակային ծրագրով վարժարանից 2-րդ կուրս փոխադրված շրջանավարտների հարցի շուրջ արտահայտվեց Եվրասիա վարժարանի փոխտնօրեն Գոհար Մելիքբեկյանը: Վերջինս խոսեց հեղինակային ծրագրի շրջանակներում հավակնոտների մասին, որոնք հանձնել էին նախաբուհական քննությունները և, համաձայն արդյունքների, անցել են ընդունելության համար սահմանված շեմը: Գ.Մելիքբեկյանի առաջարկով գիտխորհուրդը հաստատեց վարժարանի երեք շրջանավարտի համապատասխանելիությունը կրթական ծրագրի պահանջներին՝ ուսումը շարունակելու բակալավրի 2-րդ կուրսից:
ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը ներկայացրեց Որակի ապահովման կենտրոնի կողմից ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Հարցի շուրջ արտահայտվեցին մասնագիտական ամբիոնների վարիչները, որոնք ներկայացրին առաջարկներ կրթական գործընթացների բարելավման ուղղությամբ:
ԵՄՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Սիրարփի Դավթյանը ամփոփեց 2021-2022 ուստարվա ընդունող հանձնաժողովի աշխատանքները և հաստատման ներկայացրեց ընդունելության արդյունքները։
Գիտխորհրդի անդամները քննարկեցին ուսումնառության գործընթացին առընչվող խնդիրները, կայացրին որոշումներ դրանց հաղթահարման ուղիների շուրջ: