Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանի և «Placement in Portugal» կազմակերպության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, ըստ որի ինչպես պրակտիկայի համար Էրազմուս+ կրթաթոշակ ստանալու իրավունք ունեցող, այնպես էլ ինքնաֆինանսավորմամբ ԵՄՀ ուսանողները կկարողանան իրենց պրակտիկան անցնել պորտուգալական կազմակերպություններում:
Լինելով ոլորտում կայացած ընկերություն և համագործակցելով հարյուրից ավել կազմակերպությունների հետ Պորտուգալիայի տարածքում՝ «Placement in Portugal» ընկերությունը, մատուցելով անվճար ծառայություն, օգնում է պրակտիկա անցնել այն ուսանողներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել միջազգային փորձ:
Հաշվի առնելով այս բացառիկ հնարավորությունը և հավատարիմ մնալով համագործակցության բաց միջավայրում աշխատելու իր մշակույթին՝ Եվրասիա միջազգային համալսարանը պատրաստակամ է աջակցելու իր այն ուսանողներին, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց տեսական գիտելիքները և գործնական հմտությունները ներդնել միջազգային շուկայի առաջադեմ ընկերություններում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՄՀ Որակի ապահովման կենտրոն կամ Միջազգային կապերի և հետազոտությունների բաժին: