Եվրասիա միջազգային համալսարանի լրագրության բաժնի ուսանողները երկար կհիշեն իրենց ուսանողական առաջին տարեմուտը: Ուսումնառության առաջին երեք ամիսներից հետո կայացավ նրանց առաջին բեմելը:
Համալսարանական բեմահարթակից նրանք ներկայացրեցին «Տարեմուտի եթեր» նախագիծը: Քանի որ ժամանակակից մեդիայի աշխատակիցը պետք է տիրապետի ոլորտին վերաբերող տարբեր հմտություններին, եվրասիականները ներկայացան ոչ միայն որպես լրագրող, այլև՝ որպես մեկնաբան, հաղորդավար և օպերատոր:
«Տարեմուտի եթեր» ինտերակտիվ բեմադրության ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց պատրաստած առաջին տեսանյութերը, խոսեցին սիրելի դասախոսների, ուսանողական առօրիայի, ամանորի ավանդույթների, խոհանոցի, նորձևության, մարզական տարվա և երազանքների մասին՝ այդ ամենը համեմելով հումորով և սեփական երաժշտական կատարումներով: