Եվրասիա միջազգային համալսարանն այս տարի իր հարկի տակ ընդունեց հարյուրավոր ուսանողների: Հատկանշական է այն, որ տարեցտարի ԵՄՀ դիմորդների թիվն ավելանում է, որի արդյունքում համալսարանը պարբերաբար վերանայում է մասնագիտական կրթական ծրագրերը և համալրում ցանկը նոր ու պահանջված մասնագիտություններով: Այս տարի ընդունելություն իրականացվեց նաև ԵՄՀ նոր մասնագիտությունների՝«Լրագրություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», մագիստրատուրայում նաև՝ «Դեղերի տեխնոլոգիա և էկոնոմիկա» ուղղություններով:
Սեպտեմբերի 1-ին անսահման ոգևորությամբ, սակայն փոքր-ինչ հուզված նոր ուսանողներին բուհում դիմավորեցին ԵՄՀ ուսանողական խորհրդի անդամները: Հանդիսավոր միջոցառման ավարտից անմիջապես հետո նոր ուսանողների հետ աշխատանքը շարունակվեց մասնագիտական ամբիոններում: Ուսանողները հանդիպեցին ամբիոնների վարիչներին, տեղակալներին, որոնց ներկայացմամբ ծանոթացան մասնագիտական կրթական ծրագրի առանձնահատկություններին, ուսումնական պլանին, առարկայական ծրագրի կառուցվածքին, դասացուցակին, ուսումնական գործընթացի ժամանակացույցին, համալսարանական մշակույթին: