Ուսանողական խորհրդի նախագահի, ուսանողի իրավունքի պաշտպանի և ամբիոնների ավագների ընտրության նախօրյակին ձևավորված ավանդույթի համաձայն 2016թ. նոյեմբերի 4-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ թեկնածուների բանավեճ-քննարկում։ Այն լավագույն հնարավորություն է տալիս թեկնածուներին իրենց պոտենցիալ ընտրողներին ներկայացնել նախընտրական ծրագրերը։
Բանավեճ-քննարկումը վարում էր Ընտրական հանձնաժողովի նախագահ՝ կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մերիլին Գասպարյանը, ով ներկայացրեց ընտրությունների անցկացման ընթացակարգը, վստահված անձանց լիազորությունները։
Ուսանողական խորհրդի գործող նախագահը՝ կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ասատրյանը, ներկայացրեց հաշվետվություն իր նախագահության մեկ տարում իրականացրած աշխատանքների վերաբերյալ։
Այնուհետև խոսքը տրվեց թեկնածուներին։
Ամբիոնների ավագների թեկնածուներ են առաջադրվել.
Իրավագիտության ամբիոն. 1-ին կուրսի ուսանողներ Մարիամ Ասրյան և Դավիթ Կարապետյան։
Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն. 2-րդ կուրսի ուսանողուհի Նունե Թորոսյան։
Օտար լեզուների և գրականության ամբիոն. 3-րդ կուրսի ուսանողուհի Ամիրա Սալումյան։
Ուսանողի իրավունքի պաշտպանի թեկնածու. իրավագիտության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Ասատրյան։
Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածու՝ օտար լեզուների և գրականության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Սառա Սալումյան։
Ներկայացված նախընտրական ծրագրերի շուրջ տեղի ունեցավ բուռն քննարկում։
Բոլոր թեկնածուներին մաղթում ենք առողջ և ազնիվ մրցակցություն և հիշեցման կարգով նշում, որ ս.թ. նոյեմբերի 7-ը հայտարարվում է ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ։