ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը օրերս հանդիպել է խորհրդարան այցելած Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ:
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման մթնոլորտում: Ուսանողները հղել են բազմաթիվ հարցեր, որոնց լայն շրջանակն ընդգրկել է հիմնականում ԼՂ հակամարտության, ԼՂ ինքնորոշման իրավունքի եւ կարգավիճակի, ադրբեջանական հակահայ քաղաքականության, ռազմագերիների վերադարձի եւ սահմանային իրավիճակի կարգավորմանն ուղղված խնդիրները:
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ պատգամավորը կարեւորել է Արցախի մեր հայրենակիցների ապրելու եւ գործելու իրավունքը, նրանց անվտանգությունն ապահովելու եւ պաշտպանելու, հնարավորինս արագ եւ անվտանգ շրջափակումից դուրս բերելու օրակարգային խնդիրները:
Արձագանքելով ուսանողների այն հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում զինծառայողների կյանքի պայմանները բարելավելու, աշխատավարձերի բարձրացման համար՝ Արթուր Հովհաննիսյանն առանձնացրել է Կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ պայմանագրային զինծառայողները կամավոր կարող են ատեստավորվել ու այն անցնելու դեպքում հավելավճար ստանալ:
Արթուր Հովհաննիսյանը խոսել է համայնքները բնակեցնելու, զարգացնելու, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերը պաշտպանության բարձր մակարդակի հասցնելու՝ ուսանողությանը մտահոգող հարցերի մասին: «Ուզում եմ արձանագրել, որ վերջին մարտական գործողությունների արդյունքում ունենք մեծ առաջընթաց եւ զգալի տեղաշարժ պաշտպանված եւ հուսալի սահմաններ ապահովելու համար»,- ասել է խմբակցության քարտուղարը:
Պատգամավորն իր երախտագիտության խոսքն է հայտնել 44-օրյա պատերազմում մասնակցություն ունեցած ուսանողներին՝ հայրենիքի առջեւ կատարած պարտքը պատվով եւ նվիրումով կատարելու համար: