Ս․թ․ փետրվարի 8-ին Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց մոնիթորինգային այց:
Հանդիպման մասնակիցներն էին Erasmus+ գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան, ծրագրերի պատասխանատուներ՝ Էդիթ Սողոմոնյանը, Անի Թորոսյանը, փորձագետ Քրիստինա Սարգսյանը, ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, բուհի ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Մոնիթորինգային այցի նպատակն էր Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի կողմից ուսումնասիրել Եվրոմիությամբ ֆինանսավորվող կարողությունների զարգացման և փոխանակման ծրագրերի ազդեցությունը բուհում:
Առաջին օրվա հանդիպումը ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի հետ էր: Իր խոսքում ռեկտորը նշեց, -«Էրազմուսի ծրագրերը բուհի համար ունեցել են էական ազդեցություն՝ համալսարանի կայացման և կարողությունների զարգացման առումով: Առանձնահատուկ կարևորում ենք մեր մասնակցությունը կարողությունների զարգացման ASPIRE ծրագրին, որի շրջանակում հնարավոր եղավ իրականացնել ներառական բարձրագույն կրթություն՝ ներգրավելով հատուկ կարիքներով ուսանողների և դասախոսների, վերջիններիս համար ապահովելով անհրաժեշտ ծառայություններ և միջավայր։ Ծրագրի շրջանակում վերափոխվեցին և հարմարեցվեցին բուհի ենթակառուցվածքները և տեխնիկան, իրականցվեցին մի շարք մեթոդական վերապատրաստումներ, իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
HARMONY ծրագիրը բուհում փոխեց կառավարման մշակույթը. ծրագրում ակտիվորեն ներգրավվեցին բուհի աշխատակիցները և ուսանողները, ինչի արդյունքում ուսումնասիրեցինք և տեղայնացրեցինք միջազգային լավագույն փորձը կառավարման, կրթության բովանդակության, հետազոտության և ուսանողների շարժունության ապահովման ուղղությամբ։
Ներկայումս ներգրավված ենք ARMDOCT ծրագրում. այն հեղափոխական ծրագիր է և բացառիկ կարևոր՝ ուղղված դոկտորական կրթության բարեփափոխմանը երկրում»։
ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը կարևորեց Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացները: ԵՄՀ մասնագիտական ամբիոնների վարիչներն ընդգծեցին, որ միջազգային համագործակցությունների արդյունքնում պարբերաբար իրականացվում է Մասնագիտական կրթական ծրագրերի, առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների շարունակական մշտադիտարկում և վերանայում:
Հանդիպման ընթացքում ռեկտորն անդրադարձավ նաև միջազգային ծրագրերի ազդեցությանը բուհի կազմակերպական կառուցվածքի, մասնագիտական կրթական ծրագրերի մշակման վրա, խոսեց ընթացիկ խոչընդոտներից և բուհի զարգացման հեռանկարներից։
Հանդիպման ավարտին օրակարգով նախատեսված կարգով կազմակերպվեց շրջայց:
Նշենք, որ մոնիթորինագային այցը շարունակվելու է ընթանալ առաջիկա օրերին, և արդեն առցանց հարթակում կկազմակերպվեն հանդիպումներ Էրազմու+ ծրագրերի համակարգող և ծրագրերում ներգրավված ԵՄՀ աշխատակիցների հետ: