Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի հետ կնքված հուշագրի շրջանակներում արդեն մեկ ամիս է, ինչ անցկացնում է անգլերենի և գերմաներենի անվճար դասընթացներ, որոնք վարում են միջազգային կամավորներ Նիկոլե Շմիթը և Մաթեուսզ Կասզմարեկը։
Ազգությամբ գերմանացի Նիկոլե Շմիթը ղեկավարում և անցկացնում է գերմաներենի դասընթացները, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն անմիջապես լեզվակրի հետ զարգացնել իրենց լեզվամտածողությունը։ Ինչպես նշում է Նիկոլե Շմիթը. «Գերմաներենը բարդ է սովորել, եթե չունես համապատասխան մոտիվացվածություն։ Մասնակիցների ջերմ վերաբերմունքը և դասընթացի հանդեպ սերը պարտավորեցնում է էլ ավելի պատրաստակամ ներկայանալ դասին և ըստ արժանվույնս մատուցել դասավանդվող նյութը»։
Լեհաստանցի միջազգային կամավոր Մաթեուսզ Կասզմարեկը իրականացնում է անգլերենի դասընթաց, որը նպաստում է մասնակիցների գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը։ Քանի որ դասընթացին մասնակցել ցանկացողների թիվը շատ էր և լեզվական մակարդակները տարբեր էին, խմբերը դասակարգվեցին ըստ իմացության մակարդակի։ Անգլերենի ավելի բարձր մակարդակ ունեցող մասնակիցների հետ իրականացվում է նաև բանավեճեր, որոնցից մեկը նվիրված էր ինտերնետի վնասակարությանը և օգտակարությանը։
Բանավեճ-քննարկումը աչքի ընկավ իր ակտիվությամբ և ներկայացվող նյութի ուսումնասիրության խորությամբ։ Այդ մասին իր խոսքում փաստեց նաև Մաթեուսզ Կասզմարեկը՝ մասնավորապես նշելով.«Մանակիցների ակտիվությունը և լրացուցիչ գիտելիքների հանդեպ պահանջը առանձնակի ուշադրության է արժանի։ Եվրասիա միջազգային համալսարանը հնարավորություն է ընձեռում իրեն՝ ուսանողներին փոխանցել այն գիտելիքները, որը կուտակվել է միջազգային կամավորական փոխանակման ծրագրերի շրջանակներում։ Այս ամենի ապացույցն այն է, որ ցանկացած նորարարական գաղափար պարտադիր քննարկվում է և ի շահ ուսանողների լուծում ստանում»։
Անգլերենը սկսնակների համար դասընթացները Նիկոլե Շմիթը և Մաթեուսզ Կասզմարեկը իրականացնում են համատեղ, որը նոր մշակույթ է լեզվական կարողությունները զարգացնելու համար։
Ի հավելում ակտիվ համագործակցության՝ պետք է նշել, որ Մաթեուսզ Կասզմարեկի առաջարկով և իր անմիջական ղեկավարությամբ Եվրասիա միջազգային համալսարանում սկիզբ դրվեց կինոմանների ակումբի աշխատանքներին։ Այդ նպատակով ս/թ. նոյեմբերի 10-ին ցուցադրվեց Զազա Ուռուշաձեի «Mandariinid» (2013թ.) ֆիլմը, որի ավարտին իրականա
ցվեց ակտիվ քննարկում։
Նշենք, որ միջազգային կամավորների հետ համատեղ աշխատանքները շարունակվում են և առաջիկայում կլինեն նոր ծրագրեր։